Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Միրզոյան
2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալ երրորդ երկրների քաղաքացիներին և որոշել են սկսել այդ ուղղությամբ գործընթացները:
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին զեկույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ ԱԳ նախարարի, նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժակետներում մեկնարկել ՀՀ-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը: Այդ գործընթացը մեկնարկել է այս տարի:
«Հուլիսի 11-ին Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, իսկ 2023թ. հոկտեմբրի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Փաշինյանի և Թուրքիայի նախագահի հանդիպումը։ Ինչպես գիտեք, արդեն այս տարի փետրվարի 15-ին աշխատանքային այցով ինքս մեկնել եմ Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի արդյունքում մեծաթիվ զոհերի կապակցությամբ։ Այդ օրերին Հայաստանը Թուրքիա է ուղարկել հումանիտար օգնություն և փրկարար խումբ, այս նպատակներով 30 տարվա դադարից հետո գործարկվել է Մարգարայի անցակետը։ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերահաստատել ենք մինչև զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պատրաստակամությունը: Այս ուղղությամբ հայկական կողմը ակտիվ աշխատանքներ է իրականացնում»,-ասել է Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով նախորդ տարվա գործողություններին, նախարարը նշել է, որ 2022-ին շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացը։ Տեղի է ունեցել երկու երկրների հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում, իսկ 2022թ. փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։
Կարծիքներ