«Հանուն Հանրապետության» -ի անդամները առաջին այցը կատարեցին Պարույր Սևակ համայնք

«Հանուն Հանրապետության» -ի անդամները  առաջին այցը կատարեցին Պարույր Սևակ համայնք

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներով սահմանամերձ բնակավայրեր այցելությունների շրջանակներում առաջին այցը կատարեցինք Պարույր Սևակ համայնք, որտեղ համայնքի ղեկավարը և բնակիչները, ի շարս բազմաթիվ խնդիրների, որպես շտապ լուծում պահանջող և հատկանշական խնդիր ներկայացրեցին իրենց անասուններին որոշակի արոտավայրեր տանելու արգելքը:

Հետևողական աշխատանքների՝ քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ խնդրո առարկա տարածքները մինչև 2006 թվականը հանդիսացել են համայնքի սեփականությունը, մի մասն էլ հանդիսացել է «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքը: ՀՀ Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման թույլտվություն տալու մասին» N 479-Ա որոշմամբ թույլատրվել է «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառտնտեսության` 4118 հեկտար ու Եղեգիսի անտառտնտեսության` Հերհերի անտառպետության` 3620 հեկտար և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 5329,91 հեկտար տարածքներում կազմակերպել կենդանական աշխարհի օգտագործում և վերարտադրություն 49 տարի ժամկետով:

Նշված ընկերությունն, ըստ սահմանամերձ համայնքի բնակիչների և ոլորտի ներկայացուցիչների, կապ ունի հայտնի օլիգարխ շրջանակների հետ, իսկ տարածքները մինչև օրս հանդիսանում են որսատեղի: Ըստ որոշ տեղեկությունների «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր հերթին պայմանագրեր է կնքել բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնք նույնպես ուղղակի առնչություն են ունեցել որոշ օլիգարխների հետ: Կառավարության հիշյալ որոշման արդյունքում՝ ոլորտի մասնագետների խոսքերով, չի բարելավվել Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը և այն միայն անհատույց որսատեղեր նվաճելու միտում է ունեցել:

Տարածքի անջատումը ուղղակի ազդեցություն է ունեցել «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունավետության վրա, դուրս է դրվել պատշաճ կերպով հատուկ պահպանման ռեժիմից: Համայնքային սեփականություն հանդիսացող մյուս տարածքների պետական սեփականություն դառնալով և անհատույց տրամադրվելով օլիգարխներին՝ ահռելի վնաս է հասցվել համայնքներին: Կենդանիներին բռնելու և գիտահետազոտելու փոխարեն կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության նպատակով տրամադրված տարածքներում տարիներ շարունակ օլիգարխները որսացել են անհետացման եզրին կանգնած կենդանիների՝ զրկելով համայնքներին կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության իրական նպատակ հետապնդող կազմակերպություններին վարձակալության տրամադրելու միջոցով ապահովել համայնքային բյուջեն:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ պատրաստվում ենք դիմել ՀՀ Կառավարությանը՝ նշված որոշումը ուժը կորցրած ճանաչելու և կենդանական ու բուսական աշխարհի մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ հարցի լուծումներ գտնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում