COVID-19-ից ապաքինվածների մոտ կրկնակի վարակվելու ռիսկը 10 անգամ քիչ է. հետազոտություն

COVID-19-ից ապաքինվածների մոտ կրկնակի վարակվելու ռիսկը 10 անգամ քիչ է. հետազոտություն

Մարդկանց ճնշող մեծամասնությունը, ովքեր արդեն ունեցել են COVID-19 եւ նրանց մոտ հակամարմիններ են արտադրվել, պաշտպանված են կրկնակի վարակվելուց: Դա ցույց է տվել JAMA Internal Medicine-ում հրապարակված ամենամեծ ուսումնասիրությունը:

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, արդեն հայտնի է, որ որոշ մարդիկ կրկին հիվանդացել են COVID-19-ով, գենետիկորեն հաստատված առաջին դեպքը նկարագրվել է 2020-ի օգոստոսին:

Նախկինում մի քանի ուսումնասիրություններ փորձել են պարզել, թե որքանով են պաշտպանված COVID-19-ից այն մարդիկ, ովքեր արդեն վարակվել են դրանով: Վերջերս Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունը, որ ընթացքում հետեւել են ավելի քան 20 000 բուժաշխատողների, ցույց է տվել, որ վարակվելը պաշտպանություն է տալիս։ Նախկինում հիվանդացածների 1%-ից էլ քիչ մասն է կրկին վարակվել: Մեկ այլ ուսումնասիրություն, որը ներկայումս առկա է միայն որպես պրեպրինտ, պարզել է, որ մարդկանց այս խմբի վարակի ռիսկը նվազել է 83%-ով:

Նոր ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 3 միլիոն մարդու մոտ կորոնավիրուսի հակամարմինների թեստերի արդյունքները, որոնց 12%-ը դրական են եղել:

Հետազոտության մեջ ընդգրկված սերոդրականների (կորոնավիրուսի հակամարմիններով) մոտ 11%-ը եւ սերոբացասականների 9%-ը հետագայում ենթարկվել են կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի: Գիտնականները գնահատել են այս թեստերի արդյունքները երեսուն օրվա ընդմիջումներով՝ հակամարմինների թեստից հետո առաջինից մինչ իննսուներորդ օրը եւ դրանից հետո:

Սերոբացասական մասնակիցների շրջանում դիտարկման յուրաքանչյուր 30 օրվա ընթացքում ՊՇՌ թեստի դրական արդյունքներ հանդիպել են դեպքերի 3-4%-ում: Սերոդրական մարդկանց մոտ թեստերի արդյունքները երեսուն օրվա ընդմիջումներով ավելի ու ավելի հազվադեպ են դրական եղել։ 90 օրից կորոնավիրուսի ՌՆԹ-ն հայտնաբերվել է թեստ անցած խմբի 0,3% մասնակիցների մոտ:

Այսպիսով, 90 օր անց կորոնավիրուսի հակամարմիններ ունեցող մարդկանց թեստերը 10 անգամ ավելի հազվադեպ են դրական եղել:

Այս ուսումնասիրությունը հաստատում է, որ նախկինում տարած COVID-19-ը ապաքինվածների ճնշող մեծամասնությանը պաշտպանում է նորից վարակվելուց: Սակայն, դեռ հայտնի չէ, թե որքան է տեւում այդ պաշտպանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում