Կալիֆոռնիայում անտառային հրդեհն ավելի քան 950 շենք Է ոչնչացրել կամ վնասել հուլիսի կեսերից ի վեր
Կալիֆոռնիայի նահանգում «Դիսքի» անտառային հրդեհը հուլիսի կեսերից ի վեր ոչնչացրել կամ վնասել Է 954 շենք: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտնել Է նահանգի հրշեջ վարչությունը: Վարչության տվյալներով՝ կրակը լիովին ոչնչացրել Է 893 շենք, եւս 61 շինության վնաս Է հասցվել:
«Դիսքին» գրեթե չոս շաբաթվա ընթացքում ընդգրկել Է 487 հազար ակր (197 հազար հեկտար) անտառ, դարձել Է կրակի ամենամեծ առանձին օջախը Կալիֆոռնիայում եւ երկրորդ ամենաընդարձակ անտառային հրդեհը նահանգում դիտարկումների ամբողջ ժամանակամիջոցում: Այժմ այն զիջում Է լոկ այն համալիր հրդեհին, որը մոլեգնել Էր անցյալ տարվա օգոստոսին: Ներկայումս հրշեջներին հաջողվել Է մեկուսացնել բռնկման օջախի սոսկ 25 տոկոսը: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ սպառնալիքի տակ Է գտնվում շուրջ 16 հազար կառույց: Ընդամենը նահանգում արձանագրվել Է անտառային հրդեհների 11 խոշոր օջախ, դրանց մարմամբ զբաղվում Է 9 600 մարդ, Կալիֆռնիայի իշխանությունները կարգադրել են տարահանվել 12 հազար բնակիչների:
Օդերեւութաբաններն այս շաբաթ անձրեւներ չեն սպասում, սակայն քամու պոռթկումները, որոնք անցյալ շաբաթ նպաստում Էին կրակի արագ տարածմանը, կհանդարտվեն: Սպասվում Է, որ անտառային հրդեհները բացասական ազդեցություն կգործեն 16 նահանգների վրա, մասնավորապես, կվատանա օդի որակը, վնաս կրած տարածքների բնակիչները մշուշաքող կնկատեն եւ խանձահոտ կզգան: Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում Է Այդահոյի նահանգում, ընդամենը մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում արձանագրվել Է ավելի քան 37 հազար հրդեհ, որոնք ոչնչացրել են 1,77 միլիոն հեկտար անտառ: Ամբողջ երկրում կրակի դեմ պայքարում Է գրեթե 26 հազար հրշեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ