Լիբիայի հարցով միջազգային համաժողովի մասնակիցները պայմանավորվել են ընդլայնել մարդասիրական աջակցությունն այդ երկրին
Ուրբաթ երեկոյան Փարիզում ավարտված Լիբիայի հարցով միջազգային համաժողովի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել լիբիական ընտրական գործընթացի ժամկետների հարցում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է TASS-ը։
«Մասնակիցներն աջակցել են դեկտեմբերի 24-ին ընտրությունների նշանակմանն ու թեկնածուների գրանցման մեկնարկին»,-ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ առանցքային պայմանն ընտրական գործընթացի ներառականությունն է, բոլոր կողմերի մասնակցությունը։ Նա նշել է, որ ընտրությունները պետք է անցնեն լավագույն պայմաններում։ Լիբիայում քաղաքական գործընթացի կողմերը հայտարարել են, որ պատրաստ են ճանաչել ընտրությունների արդյունքները՝ անկախ դրանց ելքից։
Համաժողովի մասնակիցներն ընդգծել են ընտրություններում կանանց ավելի լայն մասնակցության և հավասար պայմանների երաշխավորման անհրաժեշտությունը, կոչ են արել միջազգային կազմակերպություներին դիտորդներ ուղարկել Լիբիա։
Մակրոնը նաև հայտնել է, որ համաժողովի մասնակիցները պայմանավորվել են ուժեղացնել մարդասիրական աջակցությունն այդ երկրին, ինչպես նաև խոչընդոտել մարդկանց առևտրին։
Մակրոնն ընդգծել է, որ առաջիկա 6 շաբաթները որոշիչ կդառնան․ երկրում առողջապահական համակարգը ներկայում խաթարված է, սննդամթերքի անվտանգության շուրջ իրավիճակը վատթարանում է։ Մարդասիրական իրավունքի խախտման լուրջ սպառնալիքը պահպանվում է բնակչության առավել խոցելի խմբերի համար։
Կոչ է արվում ապահովել ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների լիարժեք, անվտանգ և անխոչընդոտ հասանելիությունը բոլորի կարիքավորներին։
Կարծիքներ