Իրավապահ ոլորտում համագործակցությունն ավանդաբար բարձր մակարդակի է. ՌԴ ՆԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ոստիկանապետին

Իրավապահ ոլորտում համագործակցությունն ավանդաբար բարձր մակարդակի է. ՌԴ ՆԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ոստիկանապետին

Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր երկրների իրավապահ գերատեսչությունների գործընկերներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ՌԴ ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին հղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Վահե Ռոբերտի,

Շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցներին ու վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ:

Չնայած համաշխարհային հանրության մեջ ի հայտ եկած տարաձայնություններին և նրան, որ միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ չեն ցանկանում ընդունել համակեցության նոր իրողությունները, քաղաքացիների և սահմանադրական կարգի պաշտպանությունը մնում է իրավապահ մարմինների գլխավոր խնդիրը: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները պատվով են կատարում իրենց մասնագիտական պարտքը:

Հատուկ ջերմությամբ եմ ցանկանում ընդգծել վետերանների գործունեությունը՝ ուղղված պատմական ժառանգորդության պահպանմանն ու օրենքի երիտասարդ պահապանների դաստիարակությանը:

Անհրաժեշտ է նշել նաև իրավապահ ոլորտում ռուս-հայկական համագործակցության ավանդաբար բարձր մակարդակը, որը կարևոր դեր է խաղում մեր առջև կանգնած խնդիրների արդյունավետ լուծման գործում:

Հարգելի Վահե Ռոբերտի, Ձեզ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր աշխատակիցներին ու վետերաններին մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն, երջանկություն ու հետագա հաջողություններ՝ Ձեր ոչ դյուրին, բայց պատվավոր և հասարակության կողմից պահանջված աշխատանքում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում