Ընդդիմությունը թող նայի հանրության աչքերին և ասի՝ սիրելի քաղաքացիներ, մենք ձեզ տանում ենք պատերազմի. պատգամավոր
Թե՛ նախկինում արված փողոցային ակցիաները, որոնք մի քանի օր են տևել, թե՛ այսօրվա ակցիաները մեկ նպատակ են ունեցել և ունեն՝ իշխանության գալը, ապա էլ ո՞րն է տարբերությունը, երբ պնդում են, թե սա վճռական պայքար է:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում նստացույց հայտարարելուն:
Ըստ Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթից հետո սեղանի վրա դրված են բոլոր ճշմարտությունները, և, ըստ էության, իշխանությունը ներկայացրել է ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու՝ իր պատկերացրած ուղիները:
«Մենք հստակ բանաձևել ենք այն քաղաքականությունը, որով առաջնորդվում ենք: Ընդդիմությունը կամ որևէ այլ քաղաքական կամ հասարակական միավոր, եթե դիմադրում են մեր առաջարկած օրակարգին, ապա առնվազն այլընտրանքային օրակարգ պետք է առաջարկեն: Երկար ժամանակ է, ինչ մենք մեկ հստակ հարց ենք ձևակերպել՝ ուղված ընդդիմադիրներին, թե ո՞րն է իրենց առաջարկը: Սակայն նրանք ոչինչ չեն ասում հանրությանը»,- նկատում է պատգամավորը:
Դիտարկմանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել է, որ ընդդիմությունը փողոցային պայքարի մասով ունի հստակ գործողությունների ծրագիր, որը առաջիկայում կներկայացնեն, Հովհաննիսյանը ընդգծում է՝ ընդդիմության օրակարգը մեկն է՝ «վերադառնալ իշխանության և իրենց կատարած հանցագործությունները կոծկել»:
«Ընդդիմության միասնության մասին մենք բազմիցս խոսել ենք: Այդտեղ չկա մեկ ընդհանուր քաղաքական խումբ, ընդհուպ՝ «Հայաստան» խմբակցության ներսում էլ. մի ճյուղը ՀՅԴ-ն է, մյուս ճյուղը սատարում է Ռոբերտ Քոչարյանին, մի ճյուղ էլ կա, որ չես հասկանում՝ ինչ քաղաքական հոսանքների է հարում»,- նշում է Արթուր Հովհաննիսյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունն այժմ կարևոր պատմական խաչմերուկում է գտնվում, որտեղ արցախահայության իրավունքներն ու Հայաստանի պետականության առջև ծառացած մարտահրավերներն են:
«Հանրության հետ միասին մենք այս հարցերի շուրջ լուծումները պետք է գտնենք, մեր տարածաշրջանում պետք է ապահովենք խաղաղություն: Մենք առաջարկում ենք կառավարել թշնամանքը: Իսկ ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը՝ լռությո՞ւն: Պատերա՞զմն է ընդդիմության այլընտրանքային առաջարկը: Ապա թող կանգնեն և հանրության աչքերի մեջ նայելով՝ ազնվորեն ասեն՝ սիրելի քաղաքացիներ, մենք ձեզ տանում ենք պատերազմի: Սակայն նրանք չեն կարող այլընտրանք առաջարկել, որովհետև իրենք դրա համար 25 տարի ժամանակ են ունեցել: Այդ 25 տարիների գործողությունները հանգեցրել են 44-օրյա պատերազմին, 7 շրջանների ուժով կորստին, վտանգի տակ են դրել ոչ միայն արցախահայության իրավունքները, այլև Հայաստանի Հանրապետության պետականությունը: Սա է եղել ընդդիմության առաջարկած բանաձևը»,- վստահ է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ ապրիլի 13-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի է պատմական համարել, քանի որ այդ խոսակցությունները բխում են ճշմարտությունից, և այդ խոսակցությունների ելակետերը խաբեությունն ու կեղծիքը չեն:
«Այդ ելույթից հետո մեր երկրում լրիվ այլ խոսակցություններ սկսեցին Արցախի ժողովրդի իրավունքների պահպանության վերաբերյալ: Ինչ վերաբերում է այս մասով ընդդիմության վերլուծություններին, ապա մենք բազմիցս ենք տեսել, թե նրանք ինչ մանիպուլյատիվ գործողությունների են գնացել ՀՀ վարչապետի ցանկացած պաշտոնական հանդիպումից առաջ: Միշտ փորձել են վախ առաջացնել, թե՝ ա՛յ տեսեք, մի փաստաթուղթ է հիմա ստորագրելու, ա՛յ այս մի տարածքը հանձնելու է, միջանցք է բացելու: Սակայն քաղաքացիները տեսնում են, որ այդ հայտարարությունները մտացածին են, և որևէ մեկն իրականություն չի դարձել»,- ասում է նա:
Արթուր Հովհաննիսյանը նկատում է՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ Արթուր Վանեցյանը, ամեն օր կեղծ թեզեր է շրջանառում, ինչով արժեզրկում է հենց ինքն իրեն:
«Չեմ կարծում, որ մեր հանրությունը հավատալու է ընդդիմությանը: Տարիներով նրանք կեղեքել են Հայաստանի ու բանակի բյուջեն, և այս մարդկանց հետևից մեր ժողովուրդը չի գնա: Ես դա իրատեսական չեմ համարում»,- համոզված է պատգամավորը:
Խոսելով ակցիաների միջոցով երկրին ապակայունացնելու փորձերի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը համաձայնում է՝ այսպիսի ակցիաները չեն ուժեղացնում Հայաստանին բանակցային սեղանի շուրջ:
«Ընդդիմությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում կա ներքին քաղաքական լարվածություն, սակայն սրանք ուղղակի փորձեր են, նրանք միշտ էլ տպավորությունների վրա են խաղացել: Ադրբեջանն էլ կարող է օգտվել ցանկացած ոչ համաչափ իրավիճակից՝ իր անելիքներն իրագործելու համար»,- եզրափակում է Արթուր Հովհաննիսյանը:
Կարծիքներ