Հայտնի է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքը
Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները. Գավառը հռչակվել է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին՝ մեկը մյուսին գերազանցող հայտերի համար:
«Սա վկայում է համայնքներում երիտասարդական ներուժի աշխուժացման, նոր գաղափարների իրագործման պատրաստակամության մասին: Հատկապես կարևորում ենք համայնքներում երիտասարդական կենտրոնների գործունեությունը, որի համար ԿԳՄՍ նախարարի հրամանով ունենք օրինակելի ուղեցույց:
Ըստ այդմ՝ կենտրոններում պետք է շեշտադրվեն երիտասարդների քաղաքացիական կրթությունը, տարբեր կարողությունների զարգացումը՝ սկսած աղետների կանխարգելումից մինչև թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի ապահովումը:
Այս միջավայրի առկայությունը կօգնի համայնքի երիտասարդներին ՏԻՄ-երի հետ ունենալ որոշակի գործառույթներ և համատեղ մշակել երիտասարդական կայուն ծրագրեր»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը բաց է ցանկացած համագործակցության համար:
«Սա հնարավորություն էր Գավառ համայնքի համար ապացուցելու՝ եթե մեկ անգամ չի ստացվել, ապա կստացվի հաջորդ անգամ»,- ասել է Գավառ քաղաքի ներկայացուցիչը՝ Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:
Կարծիքներ