Արգենտինացի հայտնի իրավաբան Լուիս Օկամպոյին ՀՀ նախագահի անունից երախտագիտության մեդալ է շնորհվել
Հունվարի 5-ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել արգենտինացի հայտնի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից՝ երախտագիտության մեդալի շնորհման արարողությունը:
«Ներկայացնելով Մորենո Օկամպոյի գործունեությունը՝ դեսպան Հովհաննես Վիրբյանը ընդգծեց, որ վերջինս մեծ ավանդ ունի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանութան գործում, հավելեց, որ Մորենո Օկամոպոն իր զեկույցով օգնեց հանրայնացնել արցախահայության հանդեպ իրականացվող հանցագործությունը և ճշգրիտ իրավական գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին: Նշվեց, որ մեդալը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչի, այլ նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և ողջ հայության երախտագիտության հանրագումարն է:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի տեսուղերձը, որտեղ ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց և բարձր գնահատեց Լուիս Մորենո Օկամպոյի կատարած աշխատանքը, որպես հեղինակավոր իրավաբան և մարդասեր՝ արցախահայության կյանքի, սեփականության և վերադաձի իրավունքները պաշտպանելու և ցեղասպանությանը կանխարգելմանը նպաստելու ուղղությամբ:
Այնուհետև դեսպանը Հանրապետության նախագահի անունից Երախտագիտության մեդալը փոխանցեց Լուիս Մորենո Օկամպոյին, ով նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ապա նշեց, որ իր համար պատիվ է ցեղասպանության կանխարգելմանն գործին նպաստ բերելը: Հավելեց, որ հայերի համար դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ կրկին հայ ազգը ցեղասպանության զոհ է: Ընդգծեց, որ այդ վտանգը դեռ առկա է: Այդ համատեքստում կարևորեց հայկական սփյուռքի ներուժը և համախմբված ու շարունակական գործունեությունը՝ հատուկ նշելով արգենտինահայ համայնքի օրինակը:
Միջոցառմանը ներկա էին տարբեր պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի և լրատվական միջոցների ներկայացուցիչներ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ