Freenews-ի էքսկլյուզիվ հարցազրույցը 2,6 տարի ազատազրկման դատապարված համայնքապետի հետ
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2004 թ., հանդիսանալով Շիրակի մարզի Մարալիկ համայնքի, այնուհետև 2017թ. Անի խոշորացված համայնքի ղեկավարը, ՀՀ օրենքի համաձայն՝ իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, իրավասու լինելով ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները՝ ապահովել դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական հանցավոր մտադրությամբ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված ուրիշի՝ համայնքի խոշոր չափերի գույքը և անձնական այլ դրդումներով կատարել պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը և համայնքապետարանի երկու աշխատակիցները վատնելու եղանակով հափշտակել են չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ հաշվարկված և վճարված մոտ 650 հազար դրամ: Այսօր տեղի ունեցավ հերթական նիստը, որի ժամանակ դատարանը իրենց առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչեց համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին, Քրիստինե Սեդրակի Մկոյանին և Արտեմ Հովհաննեսի Մանուկյանին: Արտակ Գևորգյանը դատապարտվեց 2 տարի 6 ամսվա ազատազրկման և համայնքի ղեկավարի պաշտոնից հեռացման: Ըստ դատական վճռի՝ Արտակ Գևորգյանը զրկվում է 3 տարի որևէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Արտակ Գևորգյանի և մյուսների դատավճիռը համաներմամբ չի կիրառվի:
Վերոգրյալի կապակցությամբ Freenews-ը էքսկլյուզիվ հարցազրույց է ունեցել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հետ։
-Պարոն Գևորգյան ընդունում եք արդյո՞ք դատարանի կողմից կայացված վճիռը.
-Բացարձակ անհիմն և աբսուրդ որոշում է, մտացածին որոշում, հակասում է բոլոր կարգի օրենքները թե՛ ՏԻՄ, թե՛ սահմանադրությունը և կոպիտ ասած իրենց պետք է Անի համայնքի ղեկավարի աթոռը, որը ինչպես գիտենք երկար չարչրկված և առայժմ անհաանելի աթոռ է շատ շատերի համար։ Հավատացեք մենք պայքարելու ենք մինչև վերջ բոլոր ատյաններով հանդերձ, եթե անհրաժեշտություն լինի նաև այլ կարգի ատյաններում ևս կպայքարենք։ Օրենքի սահմանված տառով, բնական է մեկ ամսվա ժամկետ է նախատեսված, մենք մեկ ամսյա ժամկետում մեր իրավական պաշտպանների միջոցով ևս շարունակելու ենք պայքարը մյուս ատյաններում, այնպես, որ մեզ համար կյանքը աշխատանքային է և բնականոն ընացքով ընթանում է, Անի համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակում են իրականացվել։
- Հիմնականում ի՞ նչ կարգի գումարի մասին է խոսքը.
- Հինգ ու կես տարի ժամանակահատվածում՝ իմ վարորդ Արտեմ Մանուկյանը , ով և զուգահեռ իբր աշխատել է ինչ-որ կառույցում, շաբաթական մեկ օր ժամանակահատվածով, և ամսական իբր ստացել է 8․000 դրամից ավել աշխատավարձ: Ընդհանուր գումարը այս ժամանակահատվածում կազմել է 586 000 դրամ, որը մենք ևս բազում փաստարկներով իրավական հղումներով աշխատանքային օրենսգրքով, մեր ունեցած բոլոր հաշվարկներով հանդերձ ներկայացրել ենք, որ վարորդի աշխատանքը չկարգավորվող և նորմավորվող է: Վարորդը տաբելի վարման հաշվառման մատյանում չի կարող լինել: Եվ ընդհանրապես վարորդ հասկացությունը չի սահմանվում աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային օր, ոչ աշխատանքային օր, տոնական, հիշատակի, ընդմիջման ժամ և այլն, հետևաբար վարորդի համար այդ կարգի գումարի սահմանը ավելի քիչ է հաշվարկված իր վճարման տեղեկագրով, քան կարող էր: Իրականում իր հավելյալ տոնական և ոչ աշխատանքային օրերով կրկնակի է նախատեսվում, սովորական աշխատանքային օրերի հետ համեմատած, նա ավելի քիչ է վճարվել, այստեղ ոչ թե չարաշահում կա, այլ կա մարդուն ունեցած աշխատանքի մեջ ավելի քիչ վճարման գործակից։
-Քան՞ի հոգի է գործով անցնում.
-Երեքս ենք, ես, աշխատակազմի քարտուղարը և վարորդը։ Այստեղ, զուտ քաղաքական հետապնդում է իրականացվում, իրենք սրանով փորձ են անում, հաշվի առնելով, որ տեղական ինքնակառավարումը դա այն գործընթացն է, որով որեւէ այլ մեխանիզմ գոյություն չունի, և քանի որ Արտակ Գևորգյան անձնավորությունը համայնքում հարգված հեղինակություն վայելող անձնավորություն է, փորձում են թե՛ լռեցնել, թե՛ ստեղծել հնարավորություն հետագայում ընտրություններին մանակցելու համար, եթե ես այս պահին էլ դուրս գամ և նորից ընտրություն լինի նորից կհաղթեմ։
-Կարո՞ղ է առաջիկայում հանդես գաք հրաժարականով.
-Ոչ հրաժարական չեմ տա:
Կարծիքներ