Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է լինելու. «Ռոսպոտրեբնադզոր»
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան վստահություն է հայտնել, որ կորոնավիրուսի դեմ մշակվող ռուսական պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է լինելու:
«Ես կասկած չունեմ, որ պատվաստանյութը, որն այսօր կհասնի մարդկանց, բացարձակապես անվտանգ և, անշուշտ, արդյունավետ է լինելու»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պոպովան Россия-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում մշակվող պատվաստանյութի կիրառումը երկու ներարկում է նախատեսում, այսինքն երկրորդ ներարկումը կկատարվի առաջինից 21 օր անց:
Պոպովան հայտնել է նաև, որ ՌԴ 80 բնակավայրերում կորոնավիրուսային հիվանդության տեմպերը նվազում են կամ կայունանում:
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի ստեղծած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են: Եվս մեկ պատվաստանյութ, որը մշակում է «Վեկտոր» գիտական կենտրոնը, գտնվում է կլինիկական ուսումնասիրությունների փուլում: Բնակչության զանգվածային պատվաստումը նախարարությունը նախատեսում է սկսել հոկտեմբերին:
Համաճարակի սկզբից ի վեր ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվել է 850 870 մարդ, որից 5427-ը՝ վերջին մեկ օրում: Հիվանդությունից մահացել է 14 128 մարդ, 70-ը՝ վերջին մեկ օրում:
Կարծիքներ