Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինծառայողներին, վայրագ կերպով վարվել զոհերի մարմինների հետ․ Մարտիկյան
Ադրբեջանցիներին սեպտեմբերի 13-ին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել: Ադրբեջանի՝ «մարդասիրական լոզունգով առաջնորդվող» ԶՈՒ-ն դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, հաշվեհարդար տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով են վարվել զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ։
Այս մասին այսօր Վարդենիսում օտարերկրյա դիվանագետներին տեղեկացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։
«ՀՀ ԶՈՒ-ին հաջողվում է կատարել իր առջև դրված խնդիրներն ու ապահովել ազգաբնակչության անվտանգությունը: Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել: Այսինքն՝ այն մարտական դիրքերը, որտեղ ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր և ծանր վիրավորներ:
Ադրբեջանի՝ «մարդասիրական լոզունգով առաջնորդվող» ԶՈՒ-ն դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով են վարվել զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ։ Հենց իրենք էլ նկարել և տարածել են սոցցանցերում»,-ասել է Մարտիկյանը։
Վերջին խոշոր կրակի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Ջերմուկի շրջանում։ Այնտեղ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Ըստ Մարտիկյանի, հայկական կողմի համար ռազմական տեսանկյունից պարզ է, թե ում հետ գործ ունի:
«Զինված ուժերն ամեն ինչ անելու են, որ կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը և ապահովեն մեր ազգաբնակչության ազատ, անկախ և անվտանգ կյանքը»,-վստահեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը։
Կարծիքներ