Իրաքը որպես դիտորդ կմասնակցի Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք բանակցություններին
Իրաքը որպես դիտորդ կմասնակցի Սիրիայի հարցով` Սոչիում կայանալիք «աստանյան ձևաչափով» բանակցություններին, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Իրաքի դեսպան Աբդուրռահման ալ-Հուսեյնին և հավելել, որ բանակցություններին Իրաքը ներկայացնելու է հենց ինքը։
Սիրիայի հարցով «աստանյան ձևաչափով» բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու Սոչիում, փետրվարի 16-ից 17-ը:
Նուր-Սուլթանում, 2017 թվականից ի վեր, ընթանում են բանակցություններ, որոնք հայտնի է որպես Աստանայի ձևաչափ, իսկ 2018 թվականի հունվարին Սոչիում կայացել է սիրիական ազգային երկխոսության համագումար, որը բանակցային մեկ հարթակում մասնակիցների լայն շրջանակ հավաքելու առաջին փորձն էր: Հիմնական արդյունքը սահմանադրական հանձնաժողով ստեղծելու որոշումն էր, որն այժմ գործում է Ժնևում, և որի հիմնական խնդիրն է սահմանադրական բարեփոխումներ նախապատրաստելը:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին: Երկու պետությունների որոշ շրջաններում զինյալների դեմ պայքարը շարունակվում է: Այս պահին առաջնայինը քաղաքական հարցերի կարգավորումը, Սիրիայի վերականգնումը և փախստականների վերադարձն են:
Կարծիքներ