Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանին արտահերթ նիստ կհրավիրի

Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանին արտահերթ նիստ կհրավիրի

Առաջարկում եմ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023 թվականի ապրիլի 11-ը, ժամը 10:00-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ մարտի 17-ի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով ու 4-րդ մասով՝ առաջարկում եմ Հրաչյա Սարգսյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարած 2023թ.-ի մարտի 17-ից:

Միաժամանակ, ղեկավարվելով  «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3 հոդվածի առաջին մասով՝ առաջարկում եմ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023 թվականի ապրիլի 11-ը, ժամը 10:00-ին»:

Քաղաքապետի պաշտոնակատարը քվեարկության դրեց այդ օրը ավագանու արտահերթ նիստ հրավիրելու հարցը:

Իր հերթին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարեց. «Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»:

Չնայած այդ  որոշմանը՝ «Իմ քայլը» խմբակցության 39 անդամի կողմ ձայներով որոշվեց, որ ապրիլի 11-ին ժամը 10:00-ին կհրավիրվի ավագանու նիստ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում