Թուրքիան չի հավակնում որևէ մեկի տարածքին․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ։
Նա ելույթի սկզբում նշել է, որ ներկայումս իրականացվում է անտառային տարածքների շուրջօրյա մշտադիտարկում՝ 14 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Նրա խոսքով՝ Թուրքիան աշխարհի այն երկու երկրներից մեկն է, որոնք օգտագործում են անօդաչու թռչող սարքեր անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։
Տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ Էրդողանը նշել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ հարձակումների և սպառնալից հայտարարությունների հաճախակիացումը լուրջ մտահոգություն է առաջացնում ողջ տարածաշրջանի ապագայի համար։
«Եթե Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ագրեսիան չդադարեցվի, մեր տարածաշրջանում ոչ մի պետություն, այդ թվում՝ Թուրքիան, չի կարողանա իրեն ապահով զգալ»,- ասել է նա։
Թուրքական պետության ղեկավարը հիշեցրել է, որ հասարակական կարգը պետության կարմիր գիծն է։
«Մենք թույլ չենք տա, որ այս սահմանը հատվի կամ խախտվի որևէ պատրվակով։ Քանի դեռ կան արյունալի հանցավոր խմբավորումներ՝ զենքերն ուղղած մեր երկրի վրա, մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան չի հավակնում որևէ մեկի տարածքին կամ որևէ մեկի ինքնիշխանությանը, այլ միայն պաշտպանում և պաշտպանելու է իր երկիրը։
Կարծիքներ