Վարչապետն ահազանգում է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրվելու մասին
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրկին սրվում է: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջին օրում գրանցվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից։
Վարչապետի խոսքով՝ սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ։ «Եվ ինչպես ենք մենք այս իրավիճակին վերաբերվում։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ։ Եվ այստեղ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե, պետք է նաև վարչական խիստ մեթոդներ կիրառվեն։ Եվ պայմանավորվել ենք, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ կարմիր գիծն այն է, երբ հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, ուստի այդ ժամանակ էլ կառավարությունը պետք է այլ որոշումներ կայացնի:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հուլիսին ծավալված հիվանդանոցային մեծ կարողությունները, որոնք հետ են ծավալվել, պատրաստ են ցանկացած պահի հետ վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը։
Կարծիքներ