ՄԱԿ-ում ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Այսօր ՄԱԿ-ում փոխնախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք վերաբերում են և՛ ենթակառուցվածքի բարելավմանը, և՛ ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների կառավարման համակարգին, և՛ հետվթարային խնամքի համակարգին։
Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի կողմից սահմանած «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) քաղաքականության վերջնական նպատակին՝ մինչև 2050 թվականը ճանապարհներին զրո մահեր և լուրջ վնասվածքներ, և մինչև 2030 թվականը ճանապարհներին մահացությունների թիվը կրկնակի կրճատելու նոր միջանկյալ թիրախներին հասնելու համար:
Նախարարի տեղակալը նշել է ճանապարհային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեփոխումների մասին, որոնք նախատեսում են ստեղծել ճանապարհային անվտանգության կառավարման արդյունավետ համակարգ և ժամանակակից ինստիտուցիոնալ շրջանակ։
Բարձր մակարդակի հանդիպման ընթացքում քննարկվում են Ճանապարհային անվտանգության կայուն զարգացման ապահովման համար քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտության և կառավարությունների համակողմանի մոտեցումների, Ճանապարհային անվտանգության ապահովման համար՝ կայուն ներքին ներդրումների, ինչպես նաև կարողությունների զարգացման և աջակցության նպատակով միջազգային ֆինանսավորման ապահովման հետ կապված հարցեր։
Կարծիքներ