Ադրբեջանը հաստատում է` գերության մեջ է 38 հայ, մինչդեռ պետք է լինի ևս 26 զինվորական. Վլադիմիր Կարապետյան

Ադրբեջանը հաստատում է` գերության մեջ է 38 հայ, մինչդեռ պետք է լինի ևս 26 զինվորական. Վլադիմիր Կարապետյան

Դեսպան Վլադիմիր Կարապետյանը հարցազրույց է տվել Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանը: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից: «Ադրբեջանը հաստատում է, որ գերության մեջ է պահում 38 հայ զինծառայողների, մինչդեռ հայկական կողմը համարում է, որ գերիների թվում պետք է լինի ևս 26 զինվորական»,- նշել է Կարապետյանը։

Դեսպանն ընդգծել է, որ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն է եղել, որ գերիների փոխանակումը լինելու է բոլորը բոլորի դիմաց: Հայկական կողմը փոխանցել է բոլոր գերիներին, նույնիսկ հանցագործներին, որոնք դատապարտվել են բոլորովին այլ հոդվածներով, այդ թվում՝ մարդասպանության համար։

Դեսպանի խոսքով` հայկական կողմն ունի համապատասխան փաստաթղթային ապացույցներ, տեսագրություններ, ինչպես նաև արդեն Հայաստան վերադարձած նախկին գերիների ցուցմունքները։ Վլադիմիր Կարապետյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը բաց է թողել հայ զինվորականների մի մասին՝ ականապատման քարտեզների դիմաց։

«Որպես բարի կամքի դրսևորում` Հայաստանի ղեկավարությունը փոխանցեց ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մենք մեր տրամադրության տակ ունեինք դեռևս 90-ականներից սկսած՝ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներից»,- պարզաբանել է դեսպանը։

Դիվանագետն ընդգծել է, որ փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը։

«Չնայած նրան, որ Ադրբեջանը հրապարակավ և բազմիցս բողոքել է այդ քարտեզների որոշ անճշտության մասով, սակայն դրանք մեր կողմից փոխանցելուց հետո պայթյունների թիվը զգալիորեն նվազել է, և ընդամենը մեկ-երկու մահացության դեպք է եղել: Մեր քարտեզները բավականին ճշգրիտ են, բայց պետք է հաշվի առնել անցած ժամանակահատվածը»,- ամփոփել է Վլադիմիր Կարապետյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում