Արաբական երկրները չեզոք են մնում ռուս-ուկրաինական ճգնաժամում
Արաբական երկրները չեզոք են մնում ռուս-ուկրաինական ճգնաժամում. ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի երեկոյան եգիպտական OnTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։
«Արաբական երկրները բարեկամական հարաբերություններ ունեն և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ, և ընկերների համար դժվար է տեսնել, թե ինչպես են նրանցից երկուսը կռվում միմյանց դեմ, և, հետևաբար, Արաբական լիգան չեզոքության դիրք է բռնել»:
Երկուշաբթի օրը Կահիրեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել շրջանային համայնքի մշտական ներկայացուցիչների արտակարգ խորհրդակցություն։ «Լիգան չի պատրաստվում բռնել այս կամ այն կողմը», - ասել է եգիպտացի դիվանագետը:
Արաբական լիգայի կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ մշտական ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և հայտարարել են նախարարների մակարդակով հատուկ կոնտակտային խումբ ստեղծելու իրենց պատրաստակամության մասին՝ նպաստելու հակամարտության դիվանագիտական կարգավորմանը: Լիգան կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին կարգավորել Ուկրաինայի ներկայիս իրավիճակը երկխոսության և դիվանագիտության միջոցով այնպես, որպեսզի ապահովվի աշխարհի այս կարևորագույն տարածաշրջաններից մեկում ապրող ժողովուրդների անվտանգությունը։
Կարծիքներ