2020-ին ոստիկանությունից դուրս եկողների թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարիներին. փոխոստիկանապետ
Ոստիկանական համակարգից 2020 թվականին դուրս եկողների թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարիներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ոստիկանության որոշ ծառայողներ հրապարակային հայտարարություններ են անում՝ համակարգից դուրս գալու վերաբերյալ:
«Եթե չեմ սխալվում, 2018-ին այդ թիվը 1500-ից ավելի է եղել, այս տարի 1150-ին մոտ: Իսկ հայտարարություններն արվում են իրենց որոշակի նկատառումներից ելնելով, գուցե այդ հայտարարություններով փորձում են արդարացնել տվյալ փուլում ոստիկանությունից դուրս գալու որոշումը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ոստիկանությունից ազատման դիմումներ են գրել նաև բարձր պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ, փոխոստիկանապետն արձագանքեց. «Յուրաքանչյուրն ունի իր անձնական խնդիրները: Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից ազատման դեպքեր գրեթե չեն եղել»,- ընդգծեց նա:
Փոխոստիկանապետը հերքեց տեղեկությունները, թե ՀՀ ոստիկանապետը հրաժարական է տվել: «Ես եմ ներկայացել կառավարության նիստին, որովհետև ես եմ անձամբ կանոնակարգում իրավական խումբը: Տարբեր օրենսդրական հարցերի հետ կապված ես եմ ներկայանում: Նաև այն պատճառով, որպեսզի իրավիճակով պայմանավորված կարողանանք հստակ կանոնակարգել բոլոր գործընթացները»,- ասաց նա:
Կարծիքներ