Բելառուսի սահմանների մոտ նոր դիվիզիա տեղակայելու Լեհաստանի պլաններն ագրեսիվ քայլ են ՀԱՊԿ-ի նկատմամբ. Վոլֆովիչ
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը Բելառուսի սահմանների մոտ նոր դիվիզիա տեղակայելու Լեհաստանի պլանները ՀԱՊԿ-ի նկատմամբ ագրեսիվ քայլ է որակել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է՝ БелТА-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով լեհական կողմի որոշումը: «Ինչպե՞ս կարելի է դա մեկնաբանել, բացի այն, որ դա կարելի Է դիտարկել որպես Լեհաստանի կողմից ագրեսիվ քաղաքականություն և ոչ բարիդրացիական տրամադրվածություն ոչ միայն Բելառուսի, այլև Միութենական պետության և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի նկատմամբ:
Ցավոք, և՛ Լեհաստանի, և մերձբալթյան պետությունների գործողությունները նպատակամիտված են ռազմականացմանը, ռազմական բաղադրիչի մեծացմանը, ռազմական ակտիվությանը, նոր միավորումների և զորամասերի տեղակայմանը, ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական բնույթի զինտեխնիկայի նոր նմուշներով սպառազինմանը: Ինչպե՞ս կարելի է դա գնահատել՝ միայն որպես ագրեսիայի դրսևորում։ Ե՛վ հետախուզական թռիչքները, և՛ անցկացվող զորավարժությունների քանակը՝ այս ամենը չի կարող նպաստել խաղաղությանն ու անվտանգությանը», – ասել է Ալեքսանդր Վոլֆովիչը։
Նա ընդգծել է, որ Բելառուսը, անշուշտ, հետևում է իր սահմանների մոտ զարգացող իրադրությանը։ «Բելառուսի և Ռուսաստանի նախագահների՝ Բելառուսի տարածքում զորքերի տարածաշրջանային խմբավորում տեղակայելու մասին վերջերս ընդունած որոշումը վկայում է այն մասին, որ մենք քայլեր ենք ձեռնարկում առաջին հերթին ռազմավարական զսպման, արևմտյան առանձին քաղաքական գործիչների գլուխները «սառեցնելու» համար», - ընդգծել է Բելառուսի ԱԽ-ի պետքարտուղարը։
«Զորքերի տարածաշրջանային խմբավորումը, որը տեղակայված է Բելառուսի տարածքում, ունի բացառապես պաշտպանական ուղղվածություն և նպատակ ունի պաշտպանել Միութենական պետության սահմանները և, համապատասխանաբար, ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանները», - նշել է Ալեքսանդր Վոլֆովիչը։
Կարծիքներ