Ռոյալթիի հարկման համակարգը կլինի ավելի արդար ու արդյունավետ

Ռոյալթիի հարկման համակարգը կլինի ավելի արդար ու արդյունավետ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020 թ. աշնանից սկսած մետաղների միջազգային շուկաներում գներն անշեղորեն աճման միտում են դրսևորում: Այս պարագայում գնահատվող ռոյալթիի գործող համակարգը հնարավորություն չի տալիս ոլորտում ձևավորվող նոր արժեքն արդարացիորեն բաշխել Կառավարության և տվյալ ոլորտը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների միջև:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը՝ պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնելով ավելի պրոգրեսիվ:

Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի:

Ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում պետք է լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի` 15 տոկոս դրույքաչափով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում