Որոնք են լյարդի քաղցկեղի մասին նախազգուշացնող առաջին ախտանշանները
Լյարդը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, ուստի այս օրգանի աշխատանքի խանգարումները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա։ Հատկապես վտանգավոր է լյարդի քաղցկեղը, որի դեպքում բուժման արդյունավետությունը կախված է լինում դրա վաղ ախտորոշումից, սակայն հիվանդության ախտանշանները չիմանալու դեպքում հիվանդությունը զարգացման վաղ փուլերում հայտնաբերելն այդքան էլ հեշտ չի լինի։
Բժշկական գիտությունների թեկնածու Դինա Սակաևան «Комсомольская правда»-ի հետ զրույցում նշել է, թե ինչ ախտանշաններով կարող է դրսևորվել այս հիվանդությունը։ Գիտնականի խոսքով` լյարդի չարորակ նորագոյացության մասին կարող է հուշել պարբերաբար ի հայտ եկող որովայնի ցավը, որն աստիճանաբար ուժգնանում է, սակայն սա միակ ախտանշանը չէ։
«Հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելուն նպաստող մյուս ախտանշանների շարքում հիվանդները նշում են աջ կողատակի ցավը, վատ ախորժակն ու քաշի կորուստն առանց որևէ ջանք գործադրելու։ Եթե այս ախտանշաննեչից անգամ մեկն ուղեկցվում է որովայնի ցավով, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին», - նշում է մասնագետը՝ հավելելով, որ լյարդի քաղցկեղի մասին կարող է հուշել նաև մարմնի ջերմաստիճանի անբացատրելի բարձրացումը ( 37,5°C-ից բարձր), որը պահպանվում է բավական երկար ժամանակ։
Սակաևայի խոսքով՝ չարորակ նորագոյացության այս տեսակին բնորոշ ախտանշաններից մեկն է ասցիտը, որը դրսևորվում է որովայնի խոռոչում հեղուկի կուտակմամբ, սակայն այս խնդիրը կարող է նկատվել նաև լյարդի ցիռոզի դեպքում։
Այս հիվանդությունը շատ վտանգավոր է, իսկ դրա հետևանքով մահացության մակարդակը՝ բավական բարձր, ուստի այն ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է։ Ինչպես նշում է մասնագետը, լյարդի ուռուցքը կարելի է հայտնաբերել ուլտրաձայնային հետազոտության, արյան հետազոտության ու լապարոսկոպիկ հետազոտության միջոցով, ուստի վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու դեպքում հարկավոր է բուժզննում անցնել։ Բացի այդ, շատ կարևոր է նաև պրոֆիլակտիկ բուժզննումը, որը թույլ է տալիս նկատել նոր զարգացող ու որևէ ախտանշանով չուղեկցվող ուռուցքները։
Կարծիքներ