ՀՀ ԱԳ նախարարը Պորտուգալիայի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ի շարունակություն 2023-ի հուլիսին Լիսաբոն պաշտոնական այցի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների համար ստեղծված ծանրագույն պայմանները, ինչպես նաև սննդի և դեղորայքի սուր պակասը:
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի վերաբացման վերաբերյալ, այդ թվում՝ ԵՄ կողմից հնչած ուղերձների կյանքի կոչման հրատապությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակառակ դեպքում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի, մասնավորապես ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը:
Կարծիքներ