Լավրովի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն մեկնել է Կիև. Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկում կունենան

Լավրովի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն մեկնել է Կիև. Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկում կունենան

Ռուսաստան կատարած այցից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնում է Ուկրաինա:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ նախատեսում է այսօր Չավուշօղլուի հետ հանդիպմանը քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների հետագա մարտավարությունը։

«Նրա հետ միասին մենք կկառուցենք գործընթացի հետագա տրամաբանությունը: Ես միշտ հաստատել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի արտգործնախարարների մակարդակով, իհարկե, պայմանով, որ պարոն Լավրովը պատրաստ է հարցերի առարկայական քննարկմանը և կոնկրետ խնդիրների լուծմանը»,- Կուլեբային մեջբերում է «Ուկրինֆորմ» գործակալությունը։

Չավուշօղլուն չորեքշաբթի օրը Մոսկվայում Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Ուկրաինայում արյունահեղությունը պետք է ավարտվի։ Թուրք նախարարը նշել է, որ Անկարան շարունակում է հավատալ Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Բելառուսում շարունակվող ռուս-ուկրաինական բանակցություններին և ցանկանում է, որ դրանք արդյունք տան։

Հիշեցնենք՝ Թուրքիան, նպատակ ունենալով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ, փորձում է միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև առկա հակամարտության պայմաններում:

Երեկվա հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ չնայած Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա են որոշակի տարաձայնություններ Ուկրաինայի հարցում, բայց Թուրքիայի հավասարակշռված դիրքորոշումը ողջունելի է իրենց համար:

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, հանդիպումը տևել էր հինգ ժամ։

Այն բանից հետո, երբ կողմերը հանդիպեցին մարտի 3-ին Բելովեժսկայա Պուշչայում, իսկ մարտի 7-ին՝ Բրեստի մարզում, մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Այժմ բանակցություններն ընթանում են ամենօրյա ձևաչափով՝ տեսակոնֆերանսի միջոցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում