Հրապարակվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու ծրագիրը
ՖԻՖԱ-ն ԱԱ-ին վերաբերող ծրագիր է ուղարկել ազգային ասոցիացիաներին՝ առաջարկելով Աշխարհի առաջնությունն անցկացնել երկու տարին մեկ՝ սկսած 2026 թվականից: Այս մասին հայտնում է Cadena SER-ը:
Ըստ ծրագրի, փոփոխությունները կընդունվեն ազգային հավաքականների համար նոր օրացույցի ներդրման շրջանակում: Ենթադրվում է, որ դա կնվազեցնի այն օրերի թիվը, որոնք ֆուտբոլիստները անցկացնում են ազգային հավաքականների ճամբարում՝ տարեկան 50-ից մինչև 30 օր: Նաև կփոխվի ընտրական մրցաշարերի ձևաչափը, որակավորման շրջանակներում թիմերը կանցկացնեն ոչ ավելի, քան 7 հանդիպում, ինչը թույլ կտա խաղերը անցկացնել երկու պատուհաններով՝ հոկտեմբերին և մարտին: ՖԻՖԱ-ն կարծում է, որ այս փոփոխությունները կօգնեն նվազեցնել ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը:
Այս տարվա մայիսին Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի կոնգրեսում առաջարկեց Աշխարհի առաջնությունն անցկացնել երկու տարին մեկ: Գաղափարին աջակցել են 166 ազգային ֆեդերացիաներ, 22-ը դեմ են եղել: ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ մտադիր է ուսումնասիրել մրցաշարը երկու տարին մեկ անցկացնելու տարբերակը:
Միաժամանակ, ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է այս առաջարկը: Նա հայտարարել է, որ եվրոպական ասոցիացիաները բոյկոտելու են մրցաշարը, եթե այն անցկացվի երկու տարին մեկ անգամ: ՈՒԵՖԱ-ն նաև ասել է, որ դա կնվազեցնի Աշխարհի առաջնության կարևորությունը, ռիսկային կլինի խաղացողների առողջության համար և կզրկի կանանց մրցաշարերն ավելի հեղինակավոր դարձնելու հնարավորությունից:
Կարծիքներ