ՀՀ ԲՏԱ նախարարն ու ԱՄԷ Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավարը պայմանավորվել են փոխըմբռնման հուշագիր ստորագրել

ՀՀ ԲՏԱ նախարարն ու ԱՄԷ Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավարը պայմանավորվել են փոխըմբռնման հուշագիր ստորագրել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին հանդիպել է ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ոլորտային համագործակցությունը կանոնակարգելու նպատակով:

Նշվում է, որ փետրվարի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «IDEX 2023» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգմամբ «IDEX 2023» ցուցահանդեսին հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում