ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աշխարհի երկրների համար 4 համաշխարհային առաջնահերթություն է նշել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աշխարհի երկրների համար 4 համաշխարհային առաջնահերթություն է նշել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, նշել է 4 համաշխարհային առաջնահերթություն աշխարհի երկրների համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Գլխավոր քարտուղարը հորդորել է մշակել պատվաստումների համաշխարհային ծրագիր, մինչև 2050 թվականը հասնել ջերմոցային գազերի զրոյական արտանետումների, նվազեցնել աշխարհաքաղաքական լարվածությունը և ամրապնդել դիվանագիտությունը: Բացի այդ, նրա խոսքերով, մարդկությունը համերաշխության և միջազգային համագործակցության կարիք ունի:

«Պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլորին, ամենուր: Պատվաստանյութերի համատեքստում արդարությունը կարևոր է կյանքեր  և տնտեսություններ փրկելու համար»,-ասել է Գուտերեշը:

Նրա խոսքերով` Երկրները պետք է կիսեն ավելցուկային դոզաները, և 6,8 միլիարդ դոլար պետք է տրամադրվի COVAX նախաձեռնության համար:

«Մենք նաև պետք է առնվազն կրկնապատկենք մեր համաշխարհային արտադրական կարողությունները լիցենզիայի փոխանակման և տեխնոլոգիայի փոխանցման միջոցով», -ասել է Գուտերեշը:

Երկրորդ, ըստ նրա, դարի կեսերին անհրաժեշտ է հասնել դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի զրոյական արտանետումների:

«Այն երկրները, որոնց բաժին է ընկնում արտանետումների ավելի քան 65%-ը և համաշխարհային տնտեսության ավելի քան 70% -ը, պարտավորվել են հասնել ջերմոցային գազերի զրոյական արտանետումների մինչև 2050 թվականը: Եկեք ընդլայնենք այս կոալիցիան մինչև 90% մինչև  Գլագոյում  նոյեմբերին կայանալիք կլիմայի վերաբերյալ վեհաժողովը»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Երրորդ ՝ Գուտերեշը կոչ է արել նվազեցնել աշխարհաքաղաքական լարվածությունը և ուժեղացնել «դիվանագիտությունը հանուն խաղաղության»:

Նա մեկ անգամ ևս կոչ է արել աշխարհին խուսափել մի իրավիճակից, երբ երկու խոշոր տնտեսությունները (ԱՄՆ և Չինաստան) կբաժանեն մոլորակը երկու հակադիր մասերի՝ յուրաքանչյուրն իր գերիշխող արժույթով, առևտրի և ֆինանսական կանոններով, ինչպես նաև իր ինտերնետով և արհեստական բանականության հնարավորություններով:

Չորրորդ, գլխավոր քարտուղարը մատնանշել է բազմակողմանիության, համերաշխության և միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում