Իտալիայի նախագահը տնտեսագետ Դրագիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան փետրվարի 3-ին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախկին ղեկավար Մարիո Դրագիին հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարություն: Այդ մասին հաղորդել է Կվիրինալի պալատի գրասենյակը:
«(Իտալիայի) նախագահ Սերջո Մատարելլան այս առավոտյան պրոֆեսոր Մարիո Դրագիի հետ հանդիպում է ունեցել, որի ընթացքում նրան հանձնարարել է կառավարություն ձևավորել»,- գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է Rai հեռուստաալիքի եթերում:
Մատարելլան որոշել է այս քայլին գնալ կառավարող կոալիցիայի ներսում ստեղծված ճգնաժամի պատճառով, որը հանգեցրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի պաշտոնաթողությանը:
Անցած շաբաթ Մատարելլան խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Ռոբերտո Ֆիկոյին հանձնարարել էր կոնսուլտացիաներ անցկացնել և որոշել՝ կարելի է արդյոք կոալիցիայի ներսում հաղթահարել տարաձայնությունները և ձևավորել այնպիսի կառավարություն, որը կկարողանա հույսը դնել խորհրդարանի կայուն մեծամասնության աջակցության վրա: Միևնույն ժամանակ քննարկվել է ինչպես Կոնտեի տարբերակը՝ նախարարների խորհրդի գլխավորությամբ, այնպես էլ այն տարբերակը, որի դեպքում վարչապետ կդառնա մեկ ուրիշը:
Արդյունքում Ֆիկոն փետրվարի 2-ի երեկոյան Մատարելլային զեկուցել է, որ չի կարողացել գտնել տարբերակ, որի դեպքում ձախ կուսակցություններից և «5 աստղ» շարժումից բաղկացած կառավարող կոալիցիան կպահպանվեր:
Մատարելլան համաքաղաքացիներին հղած ուղերձում պարզաբանել է, որ ճիշտ չի համարում այժմ խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացումը, քանի որ ներկայում Իտալիան վերապրում է կորոնավիրուսի հերթական ալիքը, ինչպես նաև համավարակով պայմանավորված տնտեսական մեծ դժվարությունները: Նախագահն ընդգծել է, որ նախընտրական արշավի գործընթացը և ընտրություններից հետո կոալիցիայի ձևավորումը սովորաբար ձգձգվում է ամիսներով: Ուստի Մատարելլան ներկա իրադրության պայմաններում չի ցանկանում ընտրություններ և համառորեն պնդում է՝ անհապաղ կառավարություն ձևավորել Իտալիայի առավել սուր խնդիրները լուծելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ