Ոչ մի նոր երկիր չի միանա Իրանի միջուկային գործարքին. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է 2015 թվականին կնքված միջուկային գործարքին նոր անդամների ավելացման հավանականությունը՝ վստահեցնելով, որ միջուկային գործարքի դրույթներից և ոչ մեկը փոփոխության ենթակա չէ:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, իրանցի ղեկավարն ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել վերադառնալ գործարքին, որից դուրս է եկել նախորդ վարչակազմը: Ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ՝ Ռոհանին հստակեցրել է միջազգային հանրության և գործարքի կողմերի համար, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կետերից ոչ մեկը չի փոխվելու:
«Ավելին, ոչ ոք չի ավելանա ԳՀՀԾ-ին: 4+1 ձևաչափը կարող է ևս մի անգամ դառնալ 5+1 (եթե ԱՄՆ-ն վերադառնա), սակայն ոչ մի այլ կողմ չի ավելանա, և ձևաչափը չի վերածվի 5+2-ի»,- ասել է Ռոհանին՝ կոչ անելով կողմերին խուսափել անխոհեմ մեկնաբանություններից:
Այս հայտարարությամբ վերջինս պատասխանել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի վերջին մեկնաբանություններին, որոնց համաձայն՝ Թեհրանի հետ միջուկային գործարքին կարող է միանալ Սաուդյան Արաբիան:
Կարծիքներ