ԼՂ-ում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ավերման վտանգի եզրին. ՀՀ դեսպանը՝ ՄԱԿ-ի հանդիպմանը

ԼՂ-ում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ավերման վտանգի եզրին. ՀՀ դեսպանը՝ ՄԱԿ-ի հանդիպմանը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել հունիսի 14-ին կայացած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպմանը, որը տեղի է ունեցել «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո։

Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, Հայաստանի դեսպան Մարգարյանն անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումների  վտանգներին։ Ողջունելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ատելության խոսքի դեմ ՄԱԿ ռազմավարության և գործողությունների ծրագիրը՝ նա կոչ է արել Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ գրասենյակին հստակ մատնանշել ատելության խոսքի ահագնացող դրսևորումները, որոնք հանդիսանում են ոճրագործությունների իրականացման վտանգներ։

Ըստ աղբյուրի՝ Մարգարյանն անդրադարձ է կատարել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) առանցքային դերակատարությանը՝ խաղաղության մշակույթի խթանման և մշակութային ժառանգության պահպանման հարցերում։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ավերման վտանգի եզրին՝ հիշատակելով նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական ժառանգության ոչնչացումը։

Նշվում է, որ դեսպան Մարգարյանը շեշտել է, որ Հայաստանը տևական ժամանակ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանմանն աջակցելու նպատակով, սակայն տեղում ակնողմնակալ փաստահավաք առաքելություն իրականացնելու միջազգային կազմակերպությունների ջանքերը շարունակաբար խոչընդոտվում են Ադրբեջանի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում