Հրաժեշտ Դանա Մազալովային՝ «Արի՛, իմ սոխակ»ի հնչյունների ներքո
Այսօր չեխահայությունը վերջին հրաժեշտը տվեց չեխ հայտնի լրագրող եւ իրավաբան, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Դանա Մազալովաին։ Ստրեշովիցեի գերեզմանատան սգո սրահում հավաքվել էին նրա հարազատները, ընկերները, Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, նախկին սենատոր եւ Եվրոխորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան, չեխահայ համայնքի ներկայացուցիչները՝ Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի գլխավորությամբ։
Հրաժեշտի հանդիսությունը սկսվեց եւ ավարտվեց Դանայի սիրելի երգերով, որոնց թվում ՝ նաեւ երկու հայերեն երգ։ Ներկաներին դիմեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով Հայաստանի եւ Արցախի կառավարությունների, ժողովուրդների եւ իր անունից ցավակցություն հայտնեց Դանա Մազալովայի հարազատներին ու ընկերներին։ Նա նշեց, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իրենց ցավակցությունն են հայտնել Դանա Մազալովայի անժամանակ մահվան կապակցությամբ։
,,Դանան մեր հիշողության մեջ կմնա իբրեւ հրաշալի եւ օբյեկտիվ լրագրող, ով մշտապես պահպանել է ազնիվ ու արդարամիտ լրագրության սկզբունքները»,- ասաց իր խոսքի ավարտին Հայաստանի դեսպանը, նշելով, որ մեր սիրելի բարեկամ Դանայի կորուստը մշտապես կզգացվի։
Հրաժեշտի արարողությունն ավարտվեց «Արի՛, իմ սոխակ,, երգի հնչյուներով՝ հուզելով ներկաներին։ Ասում են, Դանան շատ էր սիրում Լիլիթ Պիպոյանի կատարումը։
Ծաղկեպսակներ դրվեցին Չեխիայում Հայաստանի դեսպանի անունից, Չեխիայի հայ համայնքի անունից, ինչպես նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի անունից։
Աստված հոգին լուսավորի։ Նրա ցանկությունն էր, որպեսզի իր աճյունը այրեն եւ մասունքները սփռեն Բռնոյի գերեզմանտանը, ինչը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Բռնոյում։
Կարծիքներ