Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մինչ մարզային շրջագայությունն սկսելը՝ Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ Եվգենի Ստավինսկի (բաս)՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Իսկ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Մարզային շրջագայության համերգները կմեկնարկեն մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից և կշարունակվեն մայիսի 15-ին՝ Մեղրիի Մարզամշակութային կենտրոնում, մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում: Շրջագայությունը կեզրափակվի մայիսի 17-ին՝ Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալիք համերգով: Գորիսի համերգը կկայանա «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության աջակցությամբ:
Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից:
Կարծիքներ