Շենավանի տներից մեկի բակում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի՝ գլխի վնասվածքներով. կասկածյալը կինն է

Շենավանի տներից մեկի բակում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի՝ գլխի վնասվածքներով. կասկածյալը կինն է

Այսօր՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  նշված գյուղ ժամանած ոստիկանները ու քննիչները գյուղի տներից մեկի մուտքի մոտ՝ դրսում, հայտնաբերել են գլխի մասում ստացած վնասվածքներից մահացած տղամարդու դի: Մուտքի մոտ հայտանբերել են նաև արնանման հետքեր: 

Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Մարատ Մ.-ն է: 

Ոստիկանները նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Մ.-ին:

Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային դանակ, երկաթյա օդամղիչ սարք (նասոս), որոնց վրա առկա է արնանման հետքեր: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, սպանության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:  Սպանության կասկածանքով Արմավիրի ոստիկանություն տեղափոխված Էմմա Մ.-ն Արմավիրի ոստիկանությունից ներկայացվել է քննչական վարչություն: 

Կայքի փոխանցմամբ՝ Մահացածը նշված Էմմայի ամուսինն է, ով, ըստ հարևանների, խմիչքի հակվածություն է ունեցել, այսօր գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել ընտանիքի անդամների վրա, հետո կինը ինքնապաշտպանվելու նպատակով «նասոսով» հարվածել է ամուսնու գլխին: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում