Գյուղի էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելիս աշխատակիցը հոսանքահարվել մահացել է
Սեպտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ գյուղում քաղաքացի է հոսանքահարվել և մահացել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ նշված գյուղում «Ոսկեվազ 3» էլեկտրական ենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Նազարեթ Օ.-ն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Աղբյուրի տեղեկություններով մահացածը աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Ոսկեվազ 3» ենթակայանում՝ որպես վարպետ:
Կարծիքներ