ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է
Դեկտեմբերի 9-ից 13-ը ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) հրավերով Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում մասնակցել է «HOPE. Քաղված դասեր և հետագա քայլեր» աշխատաժողովին։
Պատվիրակության կազմում էին ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանը և ՃԿԱԿ ՕՀԲ օպերատիվ հերթափոխի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարրի Արմաղանյանը։
Աշխատաժողովին մասնակցում էին «HOPE FSX-2023» կոնսորցիումի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մոնտենեգրոյի, ինչպես նաև Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն էր ամփոփել 2023 թ. հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում իրականացված «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» թեմայով (HOPE FSX-2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքները, դիտորդական, գնահատման առաքելությունների կողմից իրականացված վերլուծությունները, մասնակից թիմերի և կազմակերպությունների դիտարկումները և քաղած դասերի հիման վրա ներկայացնել ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների և աղետների ռիսկի կառավարմանն ուղղված ծրագրերի նոր առաջարկներ։
Հայկական պատվիրակությունը հյուրերին ներկայացրեց շուրջ երկու տարի տևած բազմափուլ ծրագրով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև նախապատրաստման և իրականացման ողջ ընթացքի մասին պատմող տեսանյութ, որն արժանացավ մասնակիցների բարձր գնահատականին։
Այցի շրջանակներում մասնակիցները եղան Եվրոպայի Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում (ERCC), որտեղ ծանոթացան կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակներում տեղեկատվության հավաքման, ինչպես նաև միջազգային արձագանքի համակարգման գործընթացներին։
Աշխատանքների ավարտին Հայաստանի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների միջև համաձայնություն ձեռք բերվեց՝ Հայաստանի փորձը ԵՄ Բնակչության պաշտպանության 8-րդ գալիք համաժողովին ներկայացնելու վերաբերյալ։
Կարծիքներ