Ոստիկանությանը հատուկ միջոցներ չկիրառելու քաղաքական պատվեր է տրված, քննարկման հարց է՝ լա՞վ է, թե՞ վատ. Իոաննիսյան
Ոստիկաններին ֆիզիկական դիմադրություն ցույց տալով՝ պետական կառավարման շենք դե ֆակտո գրոհած (զանգվածային մուտքի փորձ արած) անձանց էական մասի գործողություններում ակնհայտ հանցակազմ կար։ Այդ անձանց նկատմամբ պետք է քրեական հետապնդում լինի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ընդդիմության գործողություններին:
Գրառման մեջ նաև ասված է.
«Բնականաբար, հանցագործության համար կասկածվող ու դիմադրություն ցույց տվող անձանց բերման ենթարկելիս ոստիկանության կողմից կարող էին կիրառվել նաև ֆիզիկական ուժ և որոշակի հատուկ միջոցներ։ Այդուհանդերձ, հատուկ միջոցներից կիրառվել է միմիայն ձեռնաշղթա։ Ասեմ ավելին՝ շենքը գրոհող անձանց նկատմամբ ոստիկանությունը կարող էր կիրառել նաև հատուկ միջոցի այլ տեսակներ, ինչպիսիք են, օրինակ, մահակները կամ ձեռքի արցունքաբեր գազը (pepper spray):
Ակնհայտ է դառնում, որ ոստիկանությանը հատուկ միջոցներ չկիրառելու քաղաքական պատվեր է տրված։ Առանձին քննարկման հարց է այն՝ դա լա՞վ է, թե՞ վատ։
Այդուհանդերձ, ոստիկանության գործողությունների որոշ դրվագներ ու մասնավորապես խոշտանգումների մասին ահազանգերը պետք է պատշաճ քննության արժանանան։
Հ.Գ. Գեղամ Մանուկյանը ինձ հասցեագրված խոսքում դժգոհել է պարեկային ծառայության պետից ու նրա գլխարկից։ Թեև պարեկային ծառայության պետի գործողություններում դատապարտելի բան չենք տեսել, բայց հարկ եմ համարում նշել, որ նրան նշանակում է ոստիկանապետը, իսկ համազգեստը հաստատում է Կառավարությունը։ Այդ պրոցեսներում իմ մասնակցությունը գերակշռապես վերահսկողական ու խորհրդատվական է»։
Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր փորձ էին արել մուտք գործել Կառավարության 3-րդ մասնաշենք, ինչի հետևանքով քաշքշոց էր տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև:
Կարծիքներ