Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շրջանում երկրում նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացման ամենահավանական պատճառ է համարում երկրով մեկ տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները:
Ինչպես նշում է The Guardian-ը, խոսքը Black Lives Matter հակառասիստական շարժման մասին է, որը մայիսից սկսած նոր թափ է առել սևամորթ Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո:
Աղբյուրը նկատում է, որ թեև ԱՄՆ նախագահն ուղղակիորեն չի մեղադրել Black Lives Matter-ի ցուցարարներին, սակայն ենթադրել է, որ նրանք են, ամենայն հավանականությամբ, դրդել ամերիկացիներին թուլացնել համավարակի նկատմամբ զգոնությունը:
«Վարակման դեպքերի կտրուկ աճի մի քանի հավանական պատճառ կա: Ամերիկացիների շրջանում դեպքերի աճը սկսեց նկատվել ցույցերից կարճ ժամանակ անց, և այդ ցույցերն ամբողջ ազգին դրդեցին թուլացնել զգոնությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:
Մինչդեռ հանրային առողջության ոլորտի փորձագետները նշում են, որ որևէ ապացույց չկա առ այն, որ ցույցերն են հանգեցրել վարակի տարածման տեմպի աճին: Նրանք նշում են, որ ցույցերը բացօթյա էին, և որ մասնակիցների մեծ մասը դիմակով է եղել:
Նրանք ուշագրավ են համարել այն փաստը, որ այժմ ԱՄՆ-ում օրվա ընթացքում կորոնավիրուսից մահանում է ավելի քան 1000 մարդ, ինչը Թրամփի կոչով բարերի, ռեստորանների և այլ բիզնեսների վերաբացման հետևանք է:
Նշենք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների և մահվան դեպքերի թվով աշխարհում առաջատար է:
Կարծիքներ