Արագածոտնի մարզպետն այցելել է Վարդենիսի, Նիգավանի և Չքնաղի դպրոցներ. քննարկվել են կրթական գործընթացին անչվող և մի շարք այլ հարցեր
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ աշխատանքային այց է կատարել Վարդենիսի միջնակարգ, Նիգավանի միջնակարգ և Չքնաղի հիմնական դպրոցներ:
Դպրոցների տնօրինության ուղեկցությամբ ներկաները շրջել են դպրոցների մասնաշենքերում, ծանոթացել են առկա վիճակին, իրականացված ծրագրերին, կարիքներին ու գույքային պահանջարկին:
Մարզպետը զրուցել է մանկավարժների հետ, լսել է նրանց խնդիրներն ու առաջարկները: Վերջիններս ներկայացրել են տրանսպորտային ծախսի փոխհատուցման, վերապատրաստման, ատեստավորման կարգի, դպրոցի կարիքների, մասնագիտական կադրային պահանջարկի, ռազմագիտության դասասենյակները անհրաժեշտ պայմաններով ապահովելու և կրթական գործընթացին անչվող մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը ԿՄՍ վարչության պետին տվել է համապատասխան հանձնարարականներ:
Դպրոցների տնօրենները ներկայացրել են վերջին 3 տարիների ընթացքում դպրոցում կատարված աշխատանքները, ինչպես նաև հանդես են եկել ծրագրային առաջարկներով: Այցի ընթացքում մարզպետը եղել է դպրոցի՝ մարտական գործողությունների ընթացքում զոհված շրջանավարտների անունը կրող դասասենյակում, նրանց հիշատակին նվիրված անկյուններում և հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին:
Այցերի շրջանակներում քննարկվել է նաև Նիգավանի միջնակարգ դպրոցի անվանակոչման հարցը: Մանկավարժներն առաջարկել են, որ իրենց գյուղի դպրոցը կրի զոհված ազատամարտիկ Գեդեոն Ղարիբյանի անունը: Մարզպետարանի ԿՄՍ վարչության պետին մարզպետը հանձնարարել է լրացուցիչ քննարկել հարցը՝ գործընթացը օրինական կարգով կազմակերպելու համար:
Արագածոտնի մարզպետարանի ֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը: Լուծվել է Վարդենիսի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի ջեռուցման խնդիրը, ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ: Լուծվել է Նիգավանի միջնակարգ դպրոցի ջրամատակարաման խողովակների խնդիրը, ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ: Չքնաղի հիմնական դպրոցի համար ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ:
Կարծիքներ