Հուլիսը համավարակի տեսանկյունից եղել է վատագույն ամիսը. ԱՀԿ
Հուլիսը եղել է կորոնավիրուսային համավարակի ընթացքում վատագույն ամիսը, որի ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 8 մլն դեպք: Նշվում է, որ մոտավորապես նույնքան դեպք գրանցվել է համավարակի առաջին վեց ամսվա ընթացքում:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցի տվյալները:
Ըստ ԱՀԿ-ի՝ համավարակը շարունակում է մեծացնել տարածման տեմպերը. վարակման դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր վեց շաբաթը մեկ:
«2020թ. հունիսի վերջի դրությամբ ԱՀԿ-ն տվյալներ է ստացել այն մասին, որ աշխարհում գրանցվել է վարակման մոտ 10 մլն և մահվան մոտ կես միլիոն դեպք: Համավարակը շարունակում է մեծացնել տեմպերը: Հաշվի առնելով դրա ներկայիս տեմպը՝ կարելի է փաստել, որ դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր վեց շաբաթը մեկ»,-ասված է զեկույցում:
Հայտնի է, որ հուլիսին միայն ԱՄՆ-ում գրացվել է վարակման ռեկորդային 1,87 մլն դեպք, ինչն ավելի քան երկու անգամ ավելին է նախորդ ռեկորդային ամսվա՝ ապրիլի (860 000 նոր դեպք) ցուցանիշից: Այժմ ԱՄՆ-ն մոտենում է 5 մլն վարկակիր ունենալու սահմանին: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում գրանցված մահերի 1/5-րդը:
Հուլիսը բացասական է եղել նաև Հնդկաստանի համար. երկրում գրանցված վարակման ավելի քան 1,75 մլն դեպքից 1,1 մլն-ը գրանցվել է հենց հուլիսին:
Բրազիլիայում հուլիսին գրանցվել է վարակման 1,2 մլն դեպք. ընդհանուր առմամբ, երկրում ախտահարվել է ավելի քան 2,7 մլն մարդ:
Նմանատիպ բացասական ցուցանիշներ են արձանագրվել նաև Հարավային Աֆրիկայում:
Մինչդեռ բազմաթիվ ասիական և եվրոպական երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում նկատվում է վարակի երկրորդ ալիքը. իշխանությունները վերականգնում են նախկինում չեղարկված սահմանափակումներն ու արգելքները:
Կարծիքներ