Տեղի ունեցողը բոլոր այն մարդկանց «վրեժն» ու ցասումն է, ովքեր այս իշխանությունների գալով կամ նրանց ժամանակ մի բան կորցրել են. Մովսես Հարությունյան
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պարոն «բոլոլայի» հերոսի՝ ցուցարարների կողքին փողոցում գտնվելը լավագույնս արտահայտում է, թե ինչի մասին է տեղի ունեցող շարժումը։
Տեղի ունեցողը բոլոր այն մարդկանց «վրեժն» ու ցասումն է, ովքեր այս իշխանությունների պատճառով՝ նրանց գալով կամ նրանց ժամանակ մի բան կորցրել են կամ էլ կորցնելու վրա են. լինի դա ավտոբուսի օրինազանց վարորդ, թե՝ ՔՊ-ից նեղացած ու հեռացած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան, լավ օրերին Հեղափոխությունը վայելած հետո նեղ ժամանակ թիմից հեռացած Սոֆյա Հովսեփյան, Հունան Պողոսյան, թե՝ պարզապես Վալերիյ Օսիպյան, աշխատանքից ազատված դպրոցի կոռուպցիոներ տնօրեն, թե՝ համայնքապետի պաշտոնը տարիներով սեփականաշնորհած արդեն նախկին համայնքապետ, պաշտոն ունենալու ակնկալիքով, բայց դեռևս այն չստացած հեղափոխության մասնակից, թե՝ իր ոլորտը ձախողած ու հեռացած պաշտոնյա, և վերջապես նախկին իշխանության ներկայացուցիչ, ով դարձավ գործազուրկ այս իշխանության օրոք կամ կանգնած է ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ։
Ցույց անելը բոլորի սահմանադրական իրավունքն է, բայց լավ կլինի, որ մեր ընդդիմությունն անկեղծորեն ասի, թե որն է իր իրական նպատակը, թե չէ Արցախի մասով շահարկումներն այլևս համոզիչ չեն՝ հատկապես այն ֆոնին, երբ արդեն առաջին դեմքերի շուրթերով հայտարարում են, որ իրենք չեն ասել, թե Հադրութն ու Շուշին վերադարձնելու են։
Հ.Գ. Ասածս որևէ կերպ չի վերաբերում զոհված զինծառայողների հարազատներին. ես ինձ իրավունք չեմ վերապահի երբևէ քննարկել նրանց քայլերը՝ անկախ նրանից՝ դրանք իմ սրտով են, թե՝ ոչ. միայն կցանկանայի, որ որևէ մեկը չփորձի քաղաքական դիվիդենտ շահել սգավոր մարդկանց վշտի վրա»։
Կարծիքներ