Կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200 հազար դրամ. ԿԳՄՍՆ նախագիծ

Կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200 հազար դրամ. ԿԳՄՍՆ նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը և նպաստելու հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը, ինչպես նաև բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին ու ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության համաձայն՝ նախագծով ներկայացվել է կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս դրույքաչափի փոփոխությունը և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանումը, համաձայն որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200000 դրամ կսահմանվի, որի նկատմամբ կկիրառվի տրամադրվող հավելավճարը: Ըստ այդմ՝ դրույքաչափի փոփոխության, դրա նկատմամբ ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել մինչև 400000 դրամի:

Համաձայն նախագծի՝ մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը ատեստավորման կարող է մասնակցել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ: Նմանօրինակ դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Աշխատավարձի հաշվարկը չի ներառում հավելավճարներն ու լրավճարները։ Ատեստավորումն անցած ուսուցիչներին հավելավճար տրվում է 5 տարի ժամկետով։

Հաշվի առնելով այն, որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական իմացության աստիճանն է արձանագրում, հետևաբար ուսումնական հաստատության փոփոխության դեպքում սահմանված դրույքաչափը կամ հավելավճարի տրամադրումը կպահպանվի։

Ատեստավորման արդյունքներ

1. 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, ստանում են հավելավճար՝ 50 տոկոսի չափով:

2. 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, ստանում են հավելավճար՝ 40 տոկոսի չափով:

3. 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, ստանում են հավելավճար՝ 30 տոկոսի չափով:

4. 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, աշխատավարձը պահպանվում է:

5. 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման մեկ տարի անց: Այս դեպքում ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կասեցվում է մինչև իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը՝ համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետի:

2-4-րդ կետերով սահմանված արդյունքի դեպքում ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին: Նախորդ մասնակցության համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ: Նախորդ մասնակցության համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով:

Համատեղությամբ աշխատող ուսուցիչն ատեստավորվում է հիմնական աշխատավայրում իր կողմից դասավանդվող առարկայից: Հավելավճարը տրամադրվում է միայն հիմնական աշխատավայրում: Մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը 0-59 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում վերաատեստավորվում է նույն առարկայից:

Նախագծով ներկայացված են նաև կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման այլ մանրամասներ։ Մասնավորապես կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը կարող են ներկայացնել «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում (emis.am): Ատեստավորման արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես կվերանայվեն նաև այլ գործընթացներ։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 19-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում