Ներկայումս պարեկային ծառայության շարքերում 100-ից ավելի կին կա
«Կանայք ոստիկանությունում» համաժողովի պանելային երկրորդ քննարկմանը ներկայացվել են ղեկավար պաշտոններում ներկայացվածության, կարիերայի առաջխաղացման մարտահրավերների, հաջողության հասնելու բանաձևի և այլ հարցեր:
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածության ուղղությամբ նախարարությունում իրականացվող աշխատանքների շարունակականությանը։
Պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն իր ելույթում ներկայացրել է արտաքին ծառայությունում կանանց հանդիպող խնդիրներին՝ նշելով, որ ներկայումս պարեկային ծառայության շարքերում հարյուրից ավելի կանայք կան։
Արթուր Խուդինյանը խոսել է նաև պարեկային ծառայությունում գործող Կանանց խորհրդի, կին պարեկների ներուժի մեծացման և շարունակական վերապատրաստումների մասին։
Ծառայության առանձնահատկությունների և իր փորձառության մասին է կիսվել ավագ պարեկ Մելինա Սարգսյանը։ Նա անդրադարձել է ֆիզիկական ծանրաբեռնվածության, ընտանիք-ծառայություն համադրության ապահովման, վտանգավոր իրավիճակներում ռիսկային խմբում լինելու հարցերին։
Պարեկային ծառայողների հոգեբանական պատրաստվածության և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների վերլուծությունների վերաբերյալ տեղեկատվությամբ է կիսվել «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի «Ոստիկանության բարեփոխումներ» բաղադրիչի ղեկավար Դավիթ Հարությունյանը։ Կարևորելով հոգեբանական կարողությունների զարգացման առաջնայնությունը՝ նա անդրադարձել է նաև երկօրյա դասընթացների արդյունավետության, տարբեր իրավիճակներում ծառայողների սթրեսակայունության ձևավորման մեթոդներին։
Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը խոսել է ծառայությունում անցած ուղու, հանդիպած դժվարությունների և հաջողության հասնելու սկզբունքների մասին։
Խոսելով ծառայությունում հանդիպող խնդիրների մասին՝ Նարինե Հակոբյանը նշել է դրանց լուծումների, ինքնակրթությամբ մասնագիտական առաջընթաց ապահովելու մասին։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր ելույթում խոսել է ուժային կառույցներում կանանց ներկայացվածության պակասի պատճառների և հանդիպող խնդիրների մասին։
Ներկայացնելով ոստիկանությունում կանանց դերը որոշումներ կայացնելու գործում ՝ ԵԱՀԿ փորձագետ Սուսաննա Նալթակյանը ներկայացրել է միջազգային լավագույն փորձը և արդի մարտահրավերները։ Նա անդրադարձել է նաև կանանց և տղամարդկանց գենդերային կարիքներին, խոցելիությանն ու փորձառությանը։
«Ոստիկան կանանց ցանց» ասոցիացիայի նախագահ, միջազգային փորձագետ Քրիստինա Յոժիչն իր ելույթում անդրադարձել է Բոսնիա և Հերցեգովինայում ոստիկանական համակարգում կանանց ցածր ներկայացվածությանը։ «Մեր հասարակությունում, որտեղ 50 տոկոսից ավելի կանայք են, կանանց ցածր ներկայացվածության պատճառով տղամարդիկ են որոշում անվտանգության հետ կապված հարցերը, երեխաների և մայրերի հարցերը՝ առանց հաշվի առնելու կանանց մոտեցումները։ Բայց պետք է նշեմ, որ հասարակության անվտանգության կարիքները տարբեր են, և պարտադիր կանայք պետք է ներգրավված լինեն հայելային կերպով արտացոլելով այն»,-նշել է նա:
Համաժողովի ավարտին ծառայության հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ջանքերի, անձնական օրինակով կին ոստիկանի հանդեպ կարծրատիպերը կոտրելու համար ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը մի խումբ ծառայողների պարգևատրել են շնորհակալագրերով։
Կարծիքներ