Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է․ Infocom.am
2020 թվականի օգոստոսի 7-ին 5-րդ ալիքը հրապարակել է տեսանյութ՝ «Կորսված փողեր եւ հույսեր» վերտառությամբ, որտեղ ներկայացվում են կառավարող ուժի որոշ պաշտոնյաների եկամուտները, հեղափոխությունից հետո ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքը։ տեսանյութի որոշ դրվագներում, սակայն, առկա են մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ․ չի նշվում, թե ինչ միջոցներով է գնվել գույքը:
Տեսանյութում ներկայացվող տվյալների մի մասը վերցված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» հայտարարագրերի ռեեստրից, իսկ մյուս մասը՝ մամուլում շրջանառվող լուրերից:
Մասնավորապես, տեսանյութում, համեմատելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստացած եկամուտները, հեղինակն ասում է, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Գարիկ Սարգսյանի ընտանիքի համար կյանքն ակնհայտորեն փոխվել է: Որից հետո ներկայացվում է Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագիրը, որտեղ, ըստ տեսանյութի, վերջինս այդ տարի հայրենի Նոր Կյանք գյուղում համատեղ սեփականությամբ հողամաս է հայտարարագրել, մեկ այլ հողամաս՝ Նոր Ուղիում: Նյութի համաձայն՝ միանձնյա սեփականությամբ երկու հողամաս էլ գնել է Արալեզում, 2019 թվականի նոյեմբերին էլ 13 հազար 500 դոլար արժողությամբ Toyota մակնիշի մեքենա է գնել:
Պարզելու համար՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հայրը նշված գույքը ձեռք է բերել 2018 թվականի հեղափոխությունից հետո՞, մենք նույնպես կօգտվենք այն նույն հայտարարագրից, որի հիման վրա արվել էին հիշյալ լրատվամիջոցի պնդումները:
Գարիկ Սարգսյանի հոր՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում, այո՛, նշված են բոլոր այն կետերը, որոնք ներկայացված են 5-րդ ալիքի տեսանյութում, սակայն հայտարարագրած 4 հողամասերն էլ, որոնցից 3-ը ձեռք են բերվել գնումով, առկա են եղել 2019 թվականի սկզբում: Հետեւաբար՝ հայտարարագրած հողամասերը ձեռք չեն բերվել 2019 թվականի ընթացքում:
Բացի այդ՝ տվյալ տարվա ընթացքում ձեռքբերված եւ օտարված անշարժ գույքի դաշտը եւս լրացված չէ, ինչը նույնպես ապացուցում է այն, որ հողամասերը ձեռք են բերվել մինչեւ 2019 թվականը:
Հաջորդ հավանական վարկածն այն է, որ Գարիկ Սարգսյանի հայրը նշված հողամասերը ձեռք է բերել 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: Սա եւս հեշտ ստուգելի է, քանի որ Սարգսյանի հայրը ներկայացրել է նաեւ 2018 թվականի տարեկան հայտարարագիր, ըստ որի՝ նա 2018 թվականի ընթացքում նույնպես չի գնել եւ չի վաճառել որեւէ անշարժ գույք, այդ թվում՝ հողամաս:
Հաջորդը 13.500 ԱՄՆ դոլար արժողությամբ Toyota մակնիշի ավտոմեքենայի գնման մասին պնդումն է, որը լիովին համապատասխանում է իրականությանը․ Գարիկ Սարգսյանի հայրը 2019 թվականի նոյեմբերի 11-ին գնել է վերոնշյալ ավտոմեքենան, սակայն թերի ինֆոմացիա չտալու համար անհրաժեշտ է նշել նաեւ այն, որ մինչ Toyota մակնիշի մեքենան գնելը՝ Սարգսյանի հայրը վաճառել է իր Suzuki մակնիշի ավոտմեքենան՝ 5500 ԱՄՆ դոլարով:
Այսպիսով՝ 5-րդ ալիքի պնդումները, թե 2019 թվականի ընթացքում Գարիկ Սարգսյանի հայրը ձեռք է բերել 4 հողամաս, իրականությանը չի համապատասխանում:
Գարիկ Սարգսյանի հոր հայտարարագրի տվյալները ներկայացնելուց հետո տեսանյութի հեղինակն անդրադառնում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագրած ունեցվածքին: Տեսանյութում, մասնավորապես, նշվում է, թե Կոտայքի հեղափոխական մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերին 51 մլն դրամով՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել Երեւանի Երազ բնակելի թաղամասում:
Վերոնշյալը համապատասխանում է իրականությանը. Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին գնել է բնակարան՝ 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Սակայն ի՞նչ միջոցներով է գնել բնակարանը. հարցի պատասխանը հնարավոր է գտնել հենց նույն հայտարարագրում, որից օգտվել է տեսանյութի հեղինակը: Պետրոսյանը նույն ամսի 30-ին վաճառել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր 2 բնակարաններից մեկը՝ 17.8 մլն ՀՀ դրամով: Բացի այդ՝ Պետրոսյանը նաեւ վարկեր է վերցրել՝ 35 մլն ՀՀ դրամ՝ Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկից եւ 875 հազար ՀՀ դրամ՝ Ամերիա բանկից:
Եթե Ռոմանոս Պետրոսյանի գնած բնակարանի արժեքը համեմատենք փոխառությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտների հետ, ապա կարող ենք եզրակացնել, որ հենց այդ միջոցներով էլ Պետրոսյանը գնել է 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը:
5-րդ ալիքը հաջորդիվ անդրադառնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին․
««Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թվականի փետրվարին եւս բարելավել է բնակարանային իր պայմանները. 26 մլն դրամով բնակարան է ձեռք բերել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում»:
Այո՛, Պապիկյանը 2019 թվականի փետրվարի 11-ին 26 մլն 762 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Սակայն նույն տարում նա վաճառել է իր Nissan մակնիշի ավտոմեքենան՝ 2.5 մլն ՀՀ դրամով, ինչպես նաեւ ներգրավել է վարկային միջոցներ: Ներգրաված վարկային միջոցները կազմել են Արդշինբանկից 18.73 մլն ՀՀ դրամ, ՎՏԲ բանկից` 1.8 մլն ՀՀ դրամ:
Մյուս պաշտոնյան, որի հայտարարգիրը դիտարկել է լրատվամիջոցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 2019 թվականի օգոստոսին 114 մլն դրամով` շուրջ 228 հազար դոլար, բնակարան է ձեռք բերել Երեւանի կենտրոնում: 2018 թվականի հունիսին էլ ձեռք է բերել 2012 թվականի արտադրության Range Rover մեքենա»,- ասվում է տեսանյութում:
Սկսենք Range Rover մակնիշի ավտոմեքենայից. Սիմոնյանը 2018 թվականի հունիսի 12-ին գնել է Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ 12 մլն ՀՀ դրամով, սակայն նույն տարում նաեւ վաճառել է իր Mitsubishi մակնիշի ավտոմեքենան 5 մլն 520 հազար ՀՀ դրամ մոտավոր արժեքով: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ շուրջ 2800 ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Ինչպես նաեւ նվազել են նրա դրամական միջոցները: Դրանք տարեսկզբին կազմում էին 2.5 մլն ՀՀ դրամ եւ 16.200 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին` համապատասխանաբար 2.2 մլն ՀՀ դրամ եւ 6250 ԱՄՆ դոլար:
2019 թվականի օգոստոսի 15-ին Սիմոնյանը գնել է 114 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան, սակայն մինչ բնակարանը գնելը՝ նույն տարվա մայիսի 7-ին, վաճառել է իր հին բնակարանը՝ 125 մլն ՀՀ դրամով: Այսինքն` վաճառած բնակարանի արժեքն ավելի մեծ է եղել, քան նոր գնած բնակարանինը: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 25 մլն ՀՀ դրամի:
ԱԺ փոխնախագահից հետո լրատվամիջոցն անդրադարձել է ԱԺ նախագահին։
«Ապառիկով հեռուստացույց գնող Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանի կյանքն իշխանափոխությունից հետո կարծես էականորեն է փոխվել․ 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում 50 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: 2019 թվականի տարեվերջին Միրզոյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովից կազմել է 15 մլն 700 հազար դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի ամռանը 6 մլն դրամով 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա է գնել»:
Արարատ Միրզոյանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին 49 մլն 700 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Աջափնյակ շրջանում: Թե ինչ միջոցներով է գնել` դարձյալ կարող ենք իմանալ իր ներկայացրած հայտարարագրից: Միրզոյանը նույն տարում վաճառել է իր՝ արդեն հին բնակարանը՝ 13 մլն 600 հազար ՀՀ դրամով, բացի այդ՝ ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 34 մլն 790 հազար ՀՀ դրամի: Միրզոյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 63 մլն 121 հազար ՀՀ դրամ:
Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի հունիսի 26-ին գնել է 6.2 մլն ՀՀ դրամ արժողությամբ Kia մակնիշի ավտոմեքենա, սակայն նա նույնպես ներգրավել է շուրջ 4 մլն 240 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:
Հայտարարագրերում առկա անշարժ եւ շարժական գույքը ներկայացնելուց հետո տեսանյութում խոսվում է այն մասին, որ սա պաշտոնյաների ունեցվածքի մի մասն է միայն: Մասնավորապես ասվում է. «Մի օր, հուսանք, կպարզվի, թե ինչ միջոցներով է վարչապետ Փաշինյանի պատգամավոր աներորդին գնել եւ վերանորոգում Ձորաղբյուրում գտնվող առանձնատունը, որը Հրաչյա Հակոբյանի համեստ հայտարարագրում չկա»:
Այդ մի օրը երկար սպասեցնել չտվեց, քանի որ հրապարակման հաջորդ օրը պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առանձնատունը ձեռք է բերել 2020 թվականին. «Քանի որ գույքը ձեռք եմ բերել 2020 թվականի հունվարին, հետեւաբար հայտարարագրում չէի կարող ներկայացնել: Այս տարվա հայտարարգրում ներկայացված են նախորդ տարվա եկամուտները, ձեռք բերվածը եւ այս տարում ձեռք բերվածը պարզապես չէի կարող հայտարարագրել: Գույքը ներկայացնելու եմ 2020 թվականի հայտարարագրում, որը լրացնելու եմ 2021 թվականին: Գույքը ձեռք եմ բերել 25 հազար դոլարով, 20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի՝ տվել եմ կանխավճար: Տան պատերը եղել են այնպիսին, ինչպիսին հիմա են, ես միայն փոխել եմ կտուրը, պատուհանները եւ դրսից քարով երեսպատել եմ»,- զրույցի ընթացքում ասել է Հակոբյանը:
Նիկոլ փաշինյանի ընտանիքի վերաբերյալ տեսանյութում ասվում է. «Վարչապետ Փաշինյանի ընտանիքն այս ընթացքում մեղադրվեց ծխախոտի ու ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրքի վճարման մետաղի ջարդոն արտահանելու եւ զենքի ապօրինի առեւտրի մեջ. տեղեկություններ, որոնք այդպես էլ չհերքվեցին»:
Թեպետ Փաշինյանն անձամբ չի հերքել, սակայն նախ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքեց իր առնչությունը ծխախոտի մաքսանենգության գործում, ապա «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրեց, թե ով է արտադրել եւ արտահանել ծխախոտը: Ծխախոտ արտադրող ընկերությունը ոչ միայն կապ չունի նոր իշխանությունների հետ, այլեւ ընկերության բաժնեմասերի շուրջ 67%-ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան եւ Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։
Թեեւ մամուլում բազմիցս խոսվեց ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրք վճարելու մետաղի ջարդոնի արտահանման եւ զենքի ապօրինի առեւտրի մասին, սակայն դրանք անապացուցելի պնդումներ են եւ 5-րդ ալիքը եւս որևէ ապացույց չի ներկայացնում:
Այսպիսով՝ «Կորսված փողեր եւ հույսեր» տեսանյութում խոսվում է հեղափոխությունից հետո կառավարող ուժի ներկայացուցիչների մի մասի ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքի մասին, սակայն չի խոսվում ձեռք բերման եղանակների մասին՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե իշխանության ներկայացուցիչները գույքը ձեռք են բերել չարաշահումներով: Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ տեսանյութում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, մի մասը մանիպուլյատիվ է, մի մասն էլ՝ անապացուցելի:
Կարծիքներ