Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կայացած մրցակցային մթնոլորտում անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը բարեկամական է, որի կարևոր գործոնն է ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափով: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շեշտելով խորհրդարանականների համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:
Մաուլեն Աշիմբաևն Ալեն Սիմոնյանին է փոխանցել իրենց երկրում առաջիկայում իրականացվելիք օրենսդրական փոփոխություններին առնչվող տեղեկատվություն, որի արդյունքում առավել ճկուն համագործակցություն է ուղենշվելու ԱՊՀ երկրների խորհրդարանների հետ:
ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին հաջորդած և մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը: Նա նշել է, որ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են Հայաստանի Հանրապետության զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների և պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը. կան զոհեր և վիրավորներ:
Նա հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում և ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ Ղազախստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա այդ հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նաև մտահոգություն է հայտնել պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում Ղազախստանում հայ համայնքի դերակատարությանը: Ղազախ գործընկերն ընդգծել է հայ համայնքի ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքում:
Կարծիքներ