Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալը
Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը։ Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը, չեմ կարծում, թե կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ՀԱՊԿ-ը նաև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր օղակ է։ Որպես նախագահող երկիր՝ պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- ասաց Փաշինյանը։
Նա արձանագրեց, որ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը Թուրքիայի հետ թյուրքական աշխարհի ռազմավարություն ստորագրեցին, ինչը իրողություն է, որը չի կարող որևէ ազդեցություն չթողնել:
«Հաջորդ իրողությունն այն է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է: Ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է արձանագրենք նաև, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնուամենայնիվ, Ադրբեջանի թշնամին չէ, այլ բարեկամ ու դաշնակից է»,- ասաց նա։
Կարծիքներ