Սամվել Տեր-Սահակյանը հաղթում է և շրջանցում Լևոն Արոնյանին. 2021 FIDE Chess.com Grand Swiss
Մեկօրյա հանգստից հետո Ռիգայում վերսկսեց շախմատի 2021 FIDE Chess.com Grand Swiss անվանումը կրող խոշոր մրցաշարը:
Այսօր կայացած 7-րդ տուրում Հայաստանի շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ Սամվել Տեր-Սահակյանը, որը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և վաստակեց 4 միավոր: Նա ոչ միայն հավասարվեց իր հայրենակից Ռոբերտ Հովհաննիսյանին, այլև շրջանցեց 3,5 միավոր ունեցող Լևոն Արոնյանին, որը առաջին պարտությունը կրեց այս մրցաշարում` զիջելով ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինին:
Առաջատարներին անմիջապես հետապնդող Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանն այսօր ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները և այժմ 4,5-ական միավորով բաժանում են 5-32-րդ տեղերը: Նույնպիսի արդյունք է գրանցել նաև ամերիկահայ Սամուել Սևյանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի առաջատար շախմատիստ Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարի ավարտից չորս տուր առաջ աղյուսակը միանձնյա գլխավորում է Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջան, որն իր ակտիվում ունի 5,5 միավոր: Նրան հաջորդում են երեք շախմատիստ, որոնք վաստակել են 5-ական միավոր:
Կանանց մրցաշարում աղյուսակը գլխավորում է չինուհի Տին Ժիե Լեյին, որը վաստակել է 6 միավոր: Նրան հաջորդում է գերմանուհի Էլիզաբեթ Պաեցը, որը կես միավորով է ետ մնում առաջատարից: Մեր շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակել են ընդամենը 2,5 միավոր և այժմ կիսում են 39-44-րդ տեղերը:
Վաղը կկայանան 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Մուսթավա Իլմազի հետ:
Կարծիքներ