Հուշագիր` ուղղված COVID-19-ի հանրային հաղորդակցությանը
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից կազմակերպված «COVID-19-ի շուրջ ապատեղեկատվությանը հակազդելու ծրագիր» խորագրով միջոցառմանը, որին ներկա են գտնվել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄՀԻ աջակցությամբ COVID-19-ի հաղորդակցության ռազմավարությունը, ներկայացվել են առաջիկա հինգ ամիսներին նախատեսվող անելիքները, որոնք կնպաստեն COVID-19-ի, պատվաստումների և պատվաստանյութերի վերաբերյալ առկա ապատեղեկատվության վերացմանը:
«Զանգվածային լրատվամիջոցների հետ ստեղծված այս հարթակը հնարավորություն կտա COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունն ավելի արդյունավետ հասցնելու բնակչությանը և պայքարելու ապատեղեկատվության դեմ, ինչի համար շնորհակալ եմ մեր գործընկերներին: Միաժամանակ, հուսով եմ, որ այս մոտեցումը օրինակելի համագործակցության ձևաչափ կդառնա` ուղղված առողջապահական ծրագրերի արդյունավետ ներդրմանը և բնակչության շրջանում վարքաբանական փոփոխությունների իրականացմանը: Կարծում եմ, որ պետք է էլ ավելի ակտիվ աշխատենք պատվաստումային գործընթացի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն տարածելու գործում»,- նշել է Լենա Նանուշյանը` ընդգծելով, որ Հայաստանում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների աճ է արձանագրվում, իսկ միջազգային գործընկերների կախատեսումներով` սեպտեմբերի վերջին հավանական պիկ կգրանցվի: Ուստի, պետք է ջանք չխնայել` կանխելու նոր դեպքերի առաջացումը:
Այնուհետև, առողջապահության նախարարության և դրամաշնորհային ծրագրերն իրականանցնող գործընկերների` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի, «Սիվիլիթաս» հիմնադրամի, Հանրային լրագրություն ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի միջև ստորագրվել է COVID-19-ի հանրային հաղորդակցությանն ուղղված փոխըմբռնման հուշագիր:
Կարծիքներ