Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր որոշումը

Ֆինլանդիան պաշտոնապես կդիմի Հյուսիսատլանտյան դաշինքին՝ դրան միանալու համար։ Այս մասին կիրակի օրը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
«Այսօր նախագահը և Արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնաժողովը որոշեցին, որ Ֆինլանդիան կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ նպատակով պաշտոնական գործընթաց կմեկնարկի:
Վարչապետ Սաննա Մարինն իր հերթին տեղեկացրել է, որ այժմ կառավարությունը իր կարծիքը կներկայացնի խորհրդարանին։ «Մեր որոշումը պատմական է: Ամենակարևորը Ֆինլանդիայի և մեր քաղաքացիների անվտանգությունն է: Այս որոշումը ամրապնդում է սկանդինավյան երկրների անվտանգությունն ու համագործակցությունը», - ասել է նա:
Նշվում է, որ երկուշաբթի օրը դաշինքին միանալու որոշումը կքննարկվի և, ինչպես և սպասվում է, կհաստատվի հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից։
Կարծիքներ