Հայաստանի հավաքականը պարտվեց Ալբանիայում

Հայաստանի հավաքականը պարտվեց Ալբանիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիայում կայացած ընկերական 0:2 հաշվով պարտվեց տեղի հավաքականին:

«Արմսպորտի» հաղորդմամբ՝ 4-րդ րոպեին Հարոյանի հետ պայքարում ալբանացի հարձակվողը ընկավ Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում: Մեկ րոպե անց գլխավոր մրցավարը VAR-ի հուշումից հետո երկար ուսումնասիրեց դրվագն ու չնշանակեց 11 մետրանոց:

Րոպեներ անց տանտերերը ևս մեկ վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, սակայն մրցակցի ֆուտբոլիստի գլխի հարվածից հետո Բուչնևը դարպասաձողի օգնությամբ հեռացրեց գնդակը:

Ալբանացիները շարունակում էին ավելի շատ լինել գնդակով ու վտանգավոր գրոհներ անցկացնել: 29-րդ րոպեին տանտերերը մրցակցի տուգանայինում խաղարկելով գնդակը կարողացան բացել հաշիվը:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականից առանձնանում էր հատկապես Վահան Բիչախչյանը: «Պոգոնի» կիսապաշտպանը մի քանի անգամ հեռահար հարվածով սպառնաց մրցակցի դարպասապահին:

Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսի սկզբում տանտերերը կարող էին խփել երկրորդ գոլը: Մկրտչյանի կոպիտ սխալից հետո մրցակցի հարձակվողը մեն-մենակ դուրս եկավ Բուչնևի դեմ, սակայն բարձր հարվածեց: Երկու րոպե անց Վահան Բիչախչյանի գլխի հարվածից հետո գնդակը դուրս եկավ դիմային գծից:

63-րդ րոպեին ալբանացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ասլանին:

Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ: 90-րդ րոպեին Բիչախչյանի հարվածից հետո գնդակը հետ մղեց դարպասաձողից:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում